«Ընդհանրապես մեր ընդդիմությունը եւ առաջին հերթին նախկին այսպես կոչված նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունը, ամեն ինչ արել է եւ շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդավարության»։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատությունը իշխանությունների հասցեին։
Նա նաեւ գնահատեց «նախիրի մեջ էշի ճակատ համբուրելու» մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայատությունը։
«Իհարկե գայթակղությունը մեծ է էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու։ Մասնավորապես երբ որ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը, գիտեք, դա ոնց է անվանում։
Բայց ես չեմ իջնի այդ դաշտ։ Իսկ ընդհանրապես կներեք էլի, բայց ես Սերժ Սարգսյանին պատասխանել եմ 2018 թվականի ապրիլի 13-ին՝ Սերժ Սարգսյանին ցիտելով։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։
Դա հետեւաբար ժողովրդի ասած էն «էշ-էշ» խոսելու պահն է էլի», - ասաց Ռուբինյանը։
«Հարգելի գործընկերներ, եկեք փաստերը դնենք իրար կողք։
2023 թվականին Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի։ Տալիս է հրաժարական։ Հետո Հանրապետական խմբակցության անդամները, Դաշնակցության խմբակցության անդամները այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանի օգտին որպես վարչապետ։
Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է՝ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին՝ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը, մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը, սստացվում է», - ասաց նա։
ԱԺ-ի փոխնախագահը նաեւ հարցադրում հնչեցրեց առ այն, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը «կապիտուլյանտ անձնավորություն է, որ ինքը թույլ է տվել երկրի դրսից հեղաշջում իրագործվի»։
«Էդ դեպքում ինքը ընդհանրապես քաղաքականության մեջ գործ չունի։ Իսկ իրականությունը հետեւյալն է․ ո՜չ Սերժ Սարգսյանը, ո՜չ Ռոբերտ Քոչարյանը, ո՜չ իրենց կողքը ֆռֆռացող տարատեսակ դեմքեր էդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետեւ ժողովուրդն է իշխանության տերը։ Էդ իրենց խմբակն է քսան տարի շարունակ իշխանազավթում իրականացրել՝ ամեն անգամ ընտրություն կեղծելով եւ մնացած բոլոր հանգամանքներով», - ասաց նա։











