Այդտեղ երկու տարբերակ կա, կամ անկարգապահությունը, կամ դիտավորյալ քաղաքացիական բնակչությանը ահաբեկելուն  ուղղված գործողությունները։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը պետք է հետաքննի և միջոցներ ձեռնարկի դրանք դադարեցնելու համար: Բայց որպեսզի միակողմանի չհնչի, ես ասում եմ՝ մենք պատրաստ ենք, եկեք հետաքննենք, ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ասում եմ՝ եկեք հետաքննության ամենօրյա մեխանիզմ ստեղծենք համատեղ։ Ահազանգ եղավ, տեղում գնանք ստուգենք։ Կարող է հաջորդ օրը ստուգելը էֆեկտիվ չի, որովհետև տեղում կարելի է գնալ ստուգել, ընդհուպ այդ հրազենի փողը տաք է, թե տաք չի, դրանից կրակել են, թե չեն կրակել։  Եթե իրենք չեն հեղինակ այդ ամենի, ինչի՞ են հրաժարվում հետաքննությունից:

Ես ասում եմ՝ Հայաստանի ներսում էլ, դրսում էլ կան մարդիկ, փորձ է արվում ապացուցել, որ Հայաստանը էսկալացնում է, բայց այդ ապացույցները չկան: Եթե այդ ապացույցները լինեին, հետաքննության համատեղ մեխանիզմին շատ արագ կհամաձայնվեին։ Չեն համաձայնվում, որովհետև շատ արագ կպարզվի հակառակը:

Ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք գիտակցաբար, թե անգիտակցաբար այդ օրակարգը սպասարկում են: Հիմա 21-րդ դարն է, ցանկացած բան օնլայն ամբողջ աշխարհում ներառյալ մոնիտորինգի է ենթարկվում։ Այնպես որ մենք մեր խոսքի, պահվածքի նկատմամբ, այո, պիտի պատասխանատու լինենք և պետք է մենք մեր սխալներից սովորենք, թե ոնց կարող են մեր քայլերը, խոսքերը, ընդ որում բոլորինս, օգտագործվել մեր դեմ»,- ասաց Փաշինյանը: