Ես կարծում եմ, որ չպետք է հակադրել միս ուտելը և բարեկեցիկ միջավայրում ապրելը. դրանք հակադրության մեջ չեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մարդը կարող է ամեն օր միս ուտել, բայց չապրել բարեկեցիկ միջավայրում:

«Եթե ես սոված եմ և դրսում բոլորն ուրախ են, չի ստացվի, և այդպես չի էլ լինում: Այդ ամեն ինչը համաչափ է լինում: Եթե նորմալ է հասարակությունը զարգանում, համայնքը զարգանում, ապա մարդկանց բարեկեցությունը ինչ-որ իմաստով բարձրանում է»,-ասաց Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ շաբաթական քանի անգամ է միս ուտում, նա պատասխանեց. «ամենաքիչը 5 անգամ»:

Նույն հարցին ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Լավ էլի, ժողովուրդ ջան, չի եք էդքան պարզունակեցնում: Մի խեղաթյուրեք Փաշինյանի ասածը, դա հանրապետական պատգամավորի ասածն եք դուք հիմա վերարտադրում, որ ասել էր՝ ժողովուրդը թող կարտոշկա ուտի: Վարչապետի ասածը լրիվ ուրիշ բանի մասին էր: Հասկացեք այն, որ անձնական բարեկեցությունը կախված է նաև նրանից, թե ինչ միջավայր է, երկրում ինչ միջավայր է համայնքում։

Օրինակ, երբ որ տարիներ շարունակ Գյումրիում մարդիկ քայլել են մինչև ծնկները ցեխի մեջ ու հիմա Գյումրիում փողոցները ասֆալտապատ են, երբ որ նախկին իշխանությունները լափել են այդ փողերը, չեն արել այդ փողոցները ասֆալտապատում, իսկ հիմա այդ փողը չեն լափում և այդ փողով ասֆալտ են անում, դա մարդու անձնական բարեկեցության վրա ուղիղ ազդում է։ Ու նույն մարդը, որ ենթադրենք, նույն սոցիալական վիճակն է ունեցել, ինչ այն ժամանակ, ենթադրենք ստանում 100 000 դրամ, հիմա էլ է նույն փողն է ստանում այդ մարդու բարեկեցությունը լավացել է:

Եթե նույնիսկ քո անձնական բարեկեցությունը մնացել է նույն մակարդակի վրա, բայց երբ դու տնից դուրս ես գալիս, քո երեխային տանում ես մանկապարտեզ, այդ մանկապարտեզը առաջ պետք է փլվեր երեխայի գլխին, այդ ռիսկը կար, իսկ հիմա լրիվ նոր կառուցած մանկապարտեզ է, նոր կահույքով, նոր ամեն ինչով, քո բարեկեցությունը բարձրանում է»:

Դիտարկմանը, որ շատ գյուղական դպրոցներ այսօր սահմանամերձ են դարձել, Ալեքսանյանն ասաց. «Դա հետեւանք է նրա, որ տարիներ շարունակ, ոնց այդ դպրոցներից է փողը գողացվել, նույն ձև գողացվել է բանակից։ Նրա հետևանք է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մենակ ռազմական բյուջեն Հայաստանի ամբողջ բյուջեից մեծ է եղել: Եթե հեղափոխությունը տեղի ունեցած լիներ, օրինակ 2000 թվին ու այդ թռիչքաձև աճը տնտեսության տեղի ունենար այդ թվականներից սկսած, միանշանակ է, որ ամեն ինչ շատ ավելի այլ կերպ կդասավորվեր, ու դա լրիվ ակնհայտ ճշմարտություններ է ցանկացած մեկի համար»: