Հայաստանի ներկա իշխանությունների գործունեության արդյունքում Ադրբեջանն, ըստ էության, դարձել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը»՝ թելադրելով իր պայմանները. բանը հասել է նրան, որ Բաքուն փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին և ներքաղաքական օրենսդրությանը։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

Նա նշել է, որ այս տրամաբանության մեջ են տեղավորվում Հայաստանի իշխանությունների՝ Արցախին առնչվող հայտարարություններն ու գործողությունները. Փաշինյանը հետևողականորեն կրկնում է ադրբեջանցի պաշտոնյաների թեզերը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի քաղաքականությունը սխալ հիմքի վրա է տարվում:

«Առաջին սխալ հիմքն այն է, թե իբր կարելի է ինչ-որ բան սկսել զրոյից: Դա խոսում է պատմության ժխտման մասին: Հիմա հայտարարելով, թե Հայաստանի երրորդ Հանրապետությունը սխալմունք էր, ու մենք զրոյից պետություն ենք ստեղծում, մոլորություն է։

Երկրորդ կարևոր կետն այն է, որ պետական ​​սահմաններն անընդհատ փոխվում են, «կադաստրի թուղթ» հասկացություն գոյություն չունի։ Սահմանները որոշվում են ուժերի հարաբերակցությամբ։ Սիրիան ունի կադաստրի թուղթ, բայց չունի հստակ սահմաններ:

Երրորդ կարևոր թեզը՝ արդյոք Ալիևը պե՞տք է խաղաղություն: Նրան թշնամու կերպար է պետք»,- հավելել է Զոլյանը։

Ըստ Զոլյանի՝ Հայաստանի ներկա իշխանություններն ապահովում են Ադրբեջանի ներքին կայունությունը, քանի որ նրանց առկայությունն ապահովում է, որ Ադրբեջանի ամբողջ բնակչությունը կենտրոնացած է արտաքին թշնամու կերպարի վրա։

«Հայաստանի անկախություն ձեռք բերելու իմաստը Արցախի հարցը լուծելն ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելն էր, ոչ թե հարկեր վճարելը կամ լավ ապրելը»,- նշել է  քաղաքագետը։

Զոլյանն ընդգծեց, որ Հայաստանի շահերը համընկնում են Իրանի և որոշ չափով Չինաստանի շահերի հետ։