Ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ոչ մեկից հարցին չեմ պատասխանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Խաչատուր Սուքիասյանը 24News.am-ի հետ զրույցում պնդել էր, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել եւ ընդամենը 10 զոհ են ունեցել: Այս հայտարարությունը վրդովմունքի բուռն ալիք էր բարձրացրել արցախցիների շրջանում: Ավելի ուշ նա հայտարարություն էր տարածել, որ 210 զոհի փոխարեն ասել է 10 զոհ, որի համար ներողություն է խնդրում:

«Հայտարարությամբ հանդես եմ եկել, լռեք: Շփոթվել եմ, հետո հայտարարություն եմ տարածել»,-ասաց նա:

Երբ լրագրողը նշեց, որ այդ հարցազրույցում մի քանի անգամ նշել է այդ մասին, Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ եւ սկսեց բղավել ու ձեռքը տնկել լրագրողի վրա. «Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից:  Չեմ տալիս հարցազրույց, հեռու գնացեք: Չեմ ուզում հարցազրույց տալ: Դու շատ վատ մարդ ես: Դուք փող եք աշխատում, ուզում եք ձեր յութուբներով ձեզ շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասացի՝ շփոթվել եք: Երբ եղել էր պայթյունի դեպքը, պահի տակ 210-ի պահով 10 ասեցի: Ես ուզում էի ասել, որ մարդիկ պայթյունից էլ են զոհվել: Մարդ եմ, ուղեղիս մեջ էդ թիվն եղել, ներողություն եմ խնդրել, անհարմար չի՞: Մարդ եմ, չէ՞:

Էս մարդիկ, որ տառապում են յութուբի դիտումներով, իրենք թքած  ունեն Հայաստանի ապագայի, Հայաստանի շահի վրա: Մարդն ուզում է, որ իրեն շատ նայեն, որ ինքը դրանից եկամուտ ստանա: Լրագրությունը մի բան է, սա ուրիշ բան է: Մարդիկ էդ գործիքներից են օգտվում, եւ պատահական մարդիկ էլ են օգտվում, որ այդ կրթությունը չունեն, մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող: Բայց լրագրողը մի ուրիշ որակ պետք է լինի, ուրիշ որակ, ուրիշ կրթվածության աստիճան պետք է ունենա: Լրագրողը պետք է միջավայրը ճիշտ գնահատի»,- ասաց Սուքիասյանը եւ հավելեց, որ կոնկրետ լրագրողին (Նարեկ Կիրակոսյանին) հարցազրույց չի տալիս:

Նա դիմեց լրագրողին՝ ասելով. «Թիրախային հարց եմ տալիս՝ դուք ո՞նց եք գումար վաստակում: Ձեզ սկանդալ է պետք, որ եկամուտ ունենաք: Դուք թքած ունեք երկրի վրա, երկրի պաշտպանունակության վրա»:

Ես մեքենայի մեջ եմ հիշել, զանգել եմ մեր տղաներին, ասել եմ՝ մի հատ ճշտեք, ոնց որ սխալ թիվ եմ ասել: Կա՞ մարդ, որ չի շփոթվում»,- հայտարարեց նա: