Երեւանի Սինեմա Սթար կինոթատրոնում կայացել է «Արտավազդ 2-րդ. Հռոմի և Պարթևստանի միջև» խաղարկային վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմում ներկայացվում է Ք.ա. 1-ին դարում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այն ժամանակաշրջանը, երբ թագավորել է Արտավազդ 2-րդ։ Ներառված են անվանի պատմաբանների մեկնաբանություներ, օտարազգի պատմիչների վկայություններ, հնագույն քարտեզներ։
Ֆիլմի ռեժիսորը Վագա Վարդանյանն է, այն նկարահանվել է գործարար Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ, «Պարտնյոր ֆիլմ» ՍՊԸ-ի հետ համատեղ։
«Շարքը նոր ենք սկսում, էլի կլինեն կինոներ։ Շատ եմ ուզում, որ մեր երիտասարդությունն իմանա պատմությունը, ինչը հեշտ է կինոյի միջոցով մատուցել։ Կինոյից բացի նաեւ գրքեր ենք հրատարակում»,- նշեց Արթուր Սողոմյանը, որը նաեւ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է։
Սա Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ նկարահանված միակ ֆիլմը չէ։ 6 տարի առաջ էկրան է բարձրացել «Ուրարտու» ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է աշխարհի 35 երկրներում։
Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ նաեւ ֆիլմաշար է նկարահանվել՝ նվիրված հայ մարշալներին։
Ստեղծագործական թիմը նախատեսում է շարունակել նաեւ հայ թագավորների վերաբերյալ ֆիլմերի նկարահանումը։ Հաջորդ ֆիլմը կլինի Տիգրան Մեծի մասին։











