Խորհրդարանական ընդդիմության մանիպուլյացիաները ձեռնտու են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին ապրիլի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ազգային ժողովի ղեկավարի խոսքով՝ մարդիկ վաղուց են ամեն ինչ հասկացել եւ ուղղակի զզվում են պարբերաբար իրենց ականջները լցվող ստերից։

«Բոլոր տեղեկությունները բաց են, բոլորը գիտեն ճշմարտությունը, ուրեմն թող շարունակեն ստել, շատ լավ»,- ասել է Սիմոնյանը եւ մեղադրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ստախոսության եւ վախկոտության մեջ, որը ավելի վաղ իր վարկածն էր հնչեցրել Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջեւ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի սկսվելու պատճառի մասին։ Ընդդիմադրի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դժգոհ է եղել իրենց օրինագծից, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը։