Ընդհանուր առմամբ, մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետև խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ այս առումով գնահատենք իրադրությունը, շատ ավելի տխուր պատկեր կստանանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես երբ խոսում էի, որ տղաների կրթության, տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, օրինակ, ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, դա որտեղից է ծագում և ինչի՞ց է գալիս՝ փոքր տղաներին հայհոյանք սովորեցնելու մշակույթը։ Ասենք, մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ էլ երեխային ասում են՝ հլը արի, արի, ասա՝ տատիկին ի՞նչ ես ասել։ Ժողովուրդ, կներեք, սա... չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ էլի, ասենք»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ, բարեբախտաբար, կարգավիճակի բերումով ահագին երկար չի առնչվում նման իրադրության հետ: «Վերջին տարիներին, այդպիսի տեսարաններին ականատես չեմ լինում, եթե ասեք՝ հիմա էլ չկա այդպիսի բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդամենը նրանից է, որ ընդունված չէ վարչապետի մոտ այդպիսի տեսարաններն ի ցույց դնել։ Չնայած՝ եթե ընդունված չի, ուրեմն կա ընկալում, որ դա այդքան էլ, լավ բան չի»,- ասաց նա:











