Մենք պետք է ի վերջո ուժ ունենանք, ասելու, որ մենք, որպես հանրություն, գենդերային խտրականության ու բռնության թեմաների հետ կապված ունենք գիտելիքի պակաս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թվում է, թե շատ պարզ հարց է՝ ի՞նչ է բռնություն, բայց պարզ հարց չի, որովհետև ես շատ հասուն տարիքում եմ ինձ համար արձանագրել, բռնությունը միայն ֆիզիկական ներազդեցությամբ չի արտահայտվում: Բայց երբ խոսում ենք գենդերային խտրականության և քաղաքականության մասին, մենք կենտրոնացած ենք կանանց հետ կապված խնդիրների վրա: Ես մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ գենդերային չի նշանակում միայն կանանց, այլ սեռով պայմանավորված:

Տղաների նկատմամբ էլ մենք ունենք բռնության շատ լուրջ խնդիր: Այն, որ մանկահասակ երեխային հայհոյանք են սովորեցնում, դա բռնություն է, դա գենդերային խնդրականություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է:

Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես և այլն, որովհետև դրանից դուրս կասեն՝ էս ինչի՞ է այսպես: Բարեբախտաբար փոխվում դա է, բայց փոխվում է միայն կրթության շնորհիվ:

Ոնց որ մեր երկրում կա կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, կան նույնպիսի կարծրատիպներ, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել: Սա պետք է մենք խոստովանենք: Ոնց որ կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել, նույնկերպ կան կարծրատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին, որովհետև «ճիշտը մի հատ ա», պետք է այդ ճշտի մեջ մտնել, հենց որ էդ «ճշտից» դուրս եկար, ուրեմն դու սխալ ես մտածում։

Միջազգային գործընկերները կանանց իրավունքների հարցը բերելու են, ինչը լավ է, բայց էս մյուս օրակարգը ոչ մեկ չի բերելու, մեր սեղանին չի դնելու, որովհետև դա մեր պրոբլեմն է և մենք պետք է առերեսվենք»,- ասաց Փաշինյանը: