Երբ բանակում խնդիրներ են ծագում, ասում ենք՝ վայ, բա ու՞ր է նայում ռազմական ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները, բայց մենք պետք է հետ գնանք, հասկանանք, որ այդ պատմությունը սկսել է շատ ավելի վաղ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակում պրոբլեմների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից։ Ժողովուրդ ջան, Հայաստանում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է և ամոթ լինի։ Կարող է նաև մահացու մեղքը լինի։ Հետո ասում են՝ բա բանակում այդ ո՞նց եղավ: Տենց եղավ, որովհետեւ 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառը ուրիշից ինչ-որ բան խլելու կուլտուրան է և գերիշխանություն ու գերակայություն հաստատելը, համագործակցության տրամաբանությունը դուրս դնելը, ոհմակային տրամաբանության մեջ ամբողջ կյանքը և կյանքի փիլիսոփայությունը դասավորելը։ Հետո ասում են՝ բա ո՞նց եղավ։ Հենց տենց եղավ:

Բանակում առկա պրոբլեմների 90%-ը բանակի հետ ոչ մի կապ չունի: Բանակը երկու տարին է ընդամենը, չի կարող երկու տարում այդքան պրոբլեմ ձևավորվի։ Խնդիրների 90%-ը կապված է բանակին նախորդող և հաջորդող շրջանի հետ»,-ասաց վարչապետը:

Այս համատեքստում ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ «Գլոբալ գենդերային խզվածք» զեկույցի երկրների դասակարգման տվյալները, ըստ այդմ՝ 146 երկրի շարքում Հայաստանը 64-րդն է, 2022 թվականին եղել է 89-րդը: Ըստ այս ցուցանիշի՝ ՀՀ-ն 2 տարում դրական առաջընթաց է գրանցել: