Ես համոզված էի, որ Գյումրու ընտրությունների արդյունքներով պայմանավորված Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների, սխալվեցի, բայց այդ հարցը օրակարգային է մնում իշխանության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:
«Եթե ես ՔՊ-ի մեջ լինեի այս պահին, ես ամեն ինչ անելու էի, որ թիմը գնար արտահերթ ընտրությունների, որովհետեւ քանի գնաց վիճակը դժվարանալու է իրենց համար: Որովհետև տնտեսության աճը փուչիկ է եւ տնտեսության վիճակը գնալով վատանալու է: Ասում էին՝ հեսա շինարարությունը փողերը կտա, բայց այսօր տեսնում ենք, որ շինարարության ոլորտն արդեն TK է լինում: Հազարավոր մարդիկ վարկ են վերցրել, բնակարան են գնել, հիմա խնդիրների առաջ են կանգնել: Այդ խնդիրը խորանալու է:
Հետեւաբար ՔՊ-ի շահերից է բխում այսօր գնալ արտահերթ ընտրությունների: Բացյ այդ, արտահերթ ընտրությունների ժամանակ, ըստ օրենսդրության, նախընտրական ցուցակները կազմում է կուսակցության ղեկավար մարմինն, այսինքն ՔՊ-ի վարչությունը, այսինքն Նիկոլ Փաշինյանը: Այս իրավիճակում, երևի թե ճիշտ է, որ հենց Նիկոլ Փաշինյանը այդ ցուցակները կազմի միանձնյա: Որովհետև խմորումներ կան, ու թեեւ մեկը մյուսից առաջ ընկնելով ուզում է ցույց տալ թե, ինքը ավելի նիկոլական է, բայց տակը բան չկա: Նիկոլը մնացել է օդում կախված, արդեն հենարան էլ չունի իր քաղաքական թիմում: Հետևաբար արտահերթը հնարավորություն կտար,որ ինքը կազմեր ցուցակ, ասեր՝ սա իմ ցուցակն է, ժողովուրդ ջան, ես գալիս եմ նոր կոստյումով, նոր վերնաշապիկով՝ հայցելու ձեր վստահությունը:
Բայց այդ ճանապարհն էլ բերում է ավտորիտար իշխանության և այդ թիմը, որ ինքը ստեղծի, էլի կտրված է լինելու թիմից: Դա շատը վտանգավոր է մեր երկրի համար: Դրա համար պարոն Ասլանյանի և իմ կողմից հիմնադրած կուսակցության ծրագրային դրույթներից մեկը այն է, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, որովհետև ինքը սպառվել է և՛ քաղաքականապես, և՛ բարոյապես, և հոգեպես, և ֆիզիկապես»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը:











