«Մեր ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ հայ մարդը կարող է ասել՝ մենք չենք ժխտում Ցեղասպանության փաստը, բայց...։ Սա բնականաբար, մեղմ ասած, անընդունելի է, և ամենազզվելի արարքն է, որ հնարավոր էր պատկերացնել»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ի, Հանրապետության հրապարակում մեկնարկող ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Վահագն Մելիքյանը՝ խոսելով այն մասին, որ իշխանությունների կողմից բազմիցս փորձ է արվել կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը։
Խոսելով հայ–ադրբեջանական հարաբերությունների և այդ բանակցություններում Հայաստանի վարած քաղաքականության մասին, Մելիքյանն ասաց.
«Ես երկխոսություն չեմ տեսել, այստեղ որևէ բանակցային տրամաբանություն չկա և չի էլ կարող լինել, երբ բանակցային կողմերից մեկը ուղղակիորեն զիջող կողմ է։ Մենք բազմաթիվ փաստեր ունենք, թո՛ղ որևէ մեկը փորձի ասել, որ դրանք փոխզիջումներ են։ Այս կարգի ուրացում, ժխտում... Ես ուղղակի կոչ եմ անում, որ մարդիկ իրենց Ո՛Չ–ն արտահայտեն հենց այս երթով, պետք է մերժել այն համահայ քաղաքականությունը, որ վարում է օրվա վարչախումբը»։











