«Նրանք, ովքեր փորձում են մեզ հավատացնել, որ Հայաստանի փրկությունը Արևմուտքն է, արկածախնդիր են, պատրանքի մեջ են ապրում, որովհետև ԵՄ–ն հստակ ցանկություն չունի օժանդակելու Հայատանին և քաջալերելու Հայաստանի անդամակցությունը ԵՄ–ին»։ Այս մասին լրագրող Ազա Բաբայանի հետ հարցազրույցում ասաց Ֆրանսիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, արևելագետ, միջազգային հարցերով փորձագետ Տիգրան Եգանյանը։
«Նրանք, ովքեր փորձում են համոզել հանրությանը, որ ԵՄ–ն է փրկության ուղին, արկածախնդիրներ են, ոճրագործներ. նրանք Հայաստանը տանում են կործանման»,–հավելեց նա։
Խոսելով Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին, Տիգրան Եգանյանն ասաց, որ թեև հարաբերությունները վատ են, սակայն Ֆրանսիան շատ զգուշավոր է և ակտիվ քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու՝ Ադրբեջանում իր երկրի դեսպանին հետ կանչելու կամ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը փակելու ուղղությամբ։
«Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը շատ թույլ է, Ֆրանսիան հետևում է ԵՄ սկզբունքներին, ԵՄ–ն էլ մշտապես ասում է՝ աշխատեք լեզու գտնել Ադրբեջանի հետ, որպեսզի Ադրբեջանը Ռուսաստանի ազդեցության տակ չանցնի։ Պետք է հասկանանք, որ Ֆրանսիայի դիրքը շատ է տկարացել, որովհետև Ֆրանսիան տնտեսական ճգնաժամ է ապրում, դիրքերն ամենուր են նահանջում»,–հավելեց միջազգային հարցերով փորձագետը։
Տիգրան Եգանյանի խոսքով, Հայաստանը կարող է հետևել Հնդկաստանի և Ադրբեջանի բազմակողմ արտաքին քաղաքականության օրինակին։
«Հայաստանը նոր, ուժեղ ռազմավարական մտքի կարիք ունի, սփյուռքի հետ քաղաքականության վերանայման կարիք ունի։ Առանց դեմոգրաֆիկ բազայի Հայաստանը չի կարող գոյատևել, եթե Հայաստանը չփոխի իր վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ և հայրենադարձության համարձակ ծրագրեր չմշակի, Հայաստանը կվերանա։ Սփյուռքում նոր սերունդ կա, որն իսկապես մտահոգված է Հայաստանի ապագայով»,–նշեց նա։
Տիգրան Եգայանը նշեց, որ այս պահին Հայաստանի քաղաքական դաշտում չի տեսնում ուժեր կամ անձանց, ովքեր կարող են Հայաստանը տանել վերածննդի ճանապարհով, սակայն քաղաքացիական հասարակությունում կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ հարացույցը կրթական բարեփոխումների ճանապարհով գնալն է։
Լրագրողի հարցին, թե ինչ հարց կտար Նիկոլ Փաշինյանին, արևելագետը պատասխանեց.
«Պետք է խոստովանեմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ չգիտի՝ ինքն ինչ է մտածում, դժվար է նրան հասկանալը։ Նա այնքան ծայրահեղ հակասական բաներ է ասում, որ ո՛չ արևմուտքն է նրան վստահում, ո՛չ էլ հայերը։ Ես հասկանում եմ, որ նա ուզում է ժամանակ շահել, իշխանության մնալ, Ադրբեջանի հետ նոր պատերազմից ամեն գնով խուսափել՝ անգամ արժանապատվության գնով»։











