Հոգևորականի իրականացրած ցանկացած համացանցային քարոզչություն, որը չի առաջնորդելու մարդուն դեպի իրական շփում եկեղեցու ամպհովանու ներքո, քարոզչություն չէ: Նման տեսակետ NEWS.am-ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացա՞ր» ալիքի «EXPERT» հաղորդման շրջանակներում հայտնեց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

«Այսօր երիտասարդների մեծ մասն ավելի շատ ժամանակ անցկացնում  է համացանցում, քան իրական կյանքում։ Պարզ է չէ՞, որ հոգևորականը նրանց իրական կյանք բերելու համար այնտեղ էլ պիտի հայտնվի: Եկեղեցին տարբեր խորհուրդներ, ծեսեր ու արարողություններ ունի,  բայց գլխավոր արարողությունը մեր եկեղեցում, առհասարակ քրիստոնեական եկեղեցում, եղել և մնում է հաղորդությունը: Ուրեմն, եկեղեցին կարող է օգտագործել և, անգամ դատապարտված է օգտագործել արհեստական բանականության տված հնարավորությունները, ինչպես նաև սոցհարթակները, վիրտուալ իրականությունն, առհասարակ, բայց դրանք միայն մեկ նպատակ պիտի ունենան՝ մարդկանց բերել միմյանց հետ շփման և հաղորդության միջոցով Աստծո հետ շփմանը»,-ասաց հոգևորականը:

Խոսելով հոգևոր տեսանկյունից արհեստական բանականության զարգացման մասին, Տեր Մարկոսն ուշադրություն հրավիրեց այն հարցերի վրա, թե որքա՞ն կարող է արհեստական բանականությունը մոտենալ մեզ և ի՞նչ վտանգներ է սա իր հետ բերում:

Ըստ հոգևորականի՝ ամենամեծ վտանգներից մեկը, որին մարդկությունը բախվում է, մարդկային գործոնին փոխարինող լինելու հանգամանքն է:

Անդրադառնալով հարցին, թե Հայ Առաքելական Եկեղեցին այսօր որքանո՞վ է պատրաստ դիմակայելու արհեստական բանականության դարաշրջանի մարտահրավերներին և օգտվելու ԱԲ-ի ընձեռած հնարավորություններից, Տեր Մարկոսն ասաց.

«Այսօր մենք անդադար գործ ունենք արհեստական բանականության հետ: Կարող է մի պահ հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունի արհեստական բանականությունը և հավատքը, կամ եկեղեցին ի՞նչ ունի սրա հետ անելու. իրականում կապերը շատ-շատ ավելի խորն են, քան արտաքինից կարելի է տեսնել: Ես ինքս շատ եմ օգտագործում արհեստական բանականության գործիքները, բայց ես նկատել եմ, երբ ժամանակի հետ մարդը շատ է օգտագործում այս գործիքները, սկսում է  ծուլանալ: Այստեղ շատ կարևոր է հականալ, թե ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ պետք չէ թույլ տալ ինքդ քեզ՝ կիրառելու արհեստական բանականության գործիքները»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am-ի տեսանյութում: