Այստեղ ավելի շատ ոստիկաններ են կանգնած, քան ժողովուրդն է, ի՞նչ են անում մարդիկ, որ այսքան ոստիկաններին կանգնեցրել են, ոնց որ հեսա գալու ենք իրենց գլուխները ջարդենք, չնայած իրականում ես կարծում եմ, որ վերջը հասնելու է դրան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության դիմաց փոքր ու միջին առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհատ ձեռնարկատեր կանանցից մեկը՝ Զոյա Թորոսյանը:

Նրանք փողոցում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու, ինչպես նաեւ ապրանքների հստակ հաշվառում իրականացնելու պահանջի դեմ:

«Ասում են՝ խոշորներին բռնելու համար ենք սա ուզում անենք, դա ամենածիծաղելի երևույթն է, այսօր երրորդ դասարանցու երեխային հարցնես՝ Հայաստանի ամենախոշորները ովքե՞ր են, մատերի վրա հաշվելով կասեն: 164 սուպերմարկետներում մեկ անուն ապրանք ստուգելու համար պետք է 700-800 տեսուչ ուղարկեն, որ ստուգեն՝ նա ճիշտ է աշխատում թե սխալ, մեզնից ի՞նչ են ուզում, մենք չենք թողնում, որ երկրի աղքատության շեմը նվազի, մենք պահում ենք մեզ ու մի ընտանիք էլ կողքից ենք պահում: Չի կարելի այս կարգի մարդկանց ստորացնել»:

Մեկ այլ տնտեսվարող էլ հավելեց. «Ամեն ինչ անում են, որ մենք երկրից գնանք: Ինչի՞ գնանք, դուք գնացեք ուրիշ տեղ, մենք մինչև վերջ պայքարելու ենք:

Ուսումնասիրեք երկրի, ժողովրդի վիճակը, նոր օրենք փոխեք և մի խոսեք օրենքից, Դուք դեռ հլը օրինական դարձեք, նոր մեզ բերեք օրենքի դաշտ:

Մեզ ուզում են տանել ԱԱՀ-ի դաշտ, որ տուգանքները մեծացնեն, քանի որ դա մեր գիտելիքներից բարձր է: Դրա համար էլ ուզում են մեզ թալանել ու տուգանել»: