Փաշինյանի երեկվա այցելությունը Ծիծեռնակաբերդ ինձ համար մեծ զարմանք էր, ես չգիտեմ ինչ է կատարվում երկրում, որ անգամ ծաղիկների մեջ էին ստուգում, ամբողջ տարածքը փակված էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության դիմաց փոքր ու միջին առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգյանը:
«Միգուցե վախենում է, բայց մենք հասարակ քաղաքացիներ են, չեմ կարծում մեր մեջ կա այդպիսի մարդ, որ ցանկանա իրեն վնասել: Այստեղ կանգնած են նորմալ քաղաքացիներ, իրենց դառը քրտինքով ապրող քաղաքացիներ, որոնք ուզում են, որ իրենց պահանջը լսի ու հասկանա ճիշտը որն է: Մենք կբացատրենք իրականում ինչ է կատարվում, միգուցե իրեն են սխալ տեղեկացրել: Ինքը պարտավոր էր մեզ լսեր»,-ասաց նա:
«Իշխանության մեջ ոչ մեկն իր մասնագիտությամբ չի աշխատում ու մեզ ուզում են՝ կրթվեք, կրթվելը նորաձև է: Այսինքն ես 57 տարեկան կին նորաձև գնամ կրթվե՞մ, չորս ինստիտուտ ավարտեմ, որ իր տված գաղափարներով կարողանամ ԱԱՀ-ի դաշտ մտնե՞մ: Չէ, ես աշխատում եմ, իմ ընտանիքը պահում եմ, իմ հայրենիքը սիրում եմ, դրանից ավել ինձ ոչ մի բան պետք չի:
Թող ինքը կրթվի, իրենք երբ կրթվեն՝ վարչապետից սկսած, մեր հայրենիքի վիճակը սա չի լինի»,-ասաց նա:
Տնտեսվարողներից Զոյա Թորոսյանն էլ հավելեց, որ այնպես են փոխել օրենքը, որ ինքը ստիպված է հաշվապահ վարձել, բայց մյուս կողմից հաշվապահների հարկը եւս բարձրացրել են, հետեւաբար հաշվապահն իրենից ավելի մեծ գումար է ուզելու. «Ասեմ ավելին, հաշվապահը էլի պատասխանատու չի այնքան, որ ինքը կարող է մի հատ ստորակետ սխալ տեղ դնի, ես ընկնեմ տուժերի մեջ։ Ես ինչի՞ ամիսը տանեմ երկու-երեք հարյուր հազար տամ հաշվապահին»,-ասաց Զոյա Թորոսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:











