Կառավարության դիմաց այսօր՝ ապրիլի 25-ին, բողոքի ակցիային մասնակցում են հաշվապահներ, իրավաբաններ և նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Բողոքի էությունն այն է, որ 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափերում տեղի ունեցան փոփոխություններ, ինչի արդյունքում փոքր և միջին բիզնեսի տնտեսվարողների համար ավելացավ հարկային բեռը և այդ ժամանակ փոփոխվեցին նաև հաշվապահական ծառայությունների հարկային դրույքաչափերը, շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց 5%-ից դառնալով 10%։

Այսինքն փոքր և միջին բիզնեսի համար հարկային բեռը ավելացավ, և հաշվապահական ծառայություններից օգտվում են հենց փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, իրենց համար որոշակիորեն թանկացան նաև մասնագիտական ծառայությունները։

Ընդ որում, շրջանառության հարկի դրույքաչափերում և հաշվարկման կարգում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նաև այն տնտեսվարողները, որոնք չէին օգտվում հաշվապահական ծառայություններից և ինքնուրույն էին իրականացնում, այսուհետ ստիպված են լինելու դիմել մասնագետի օգնությանը և վճարել դրա համար:

Այս փոփոխությունների հետ մեկտեղ 2025 թվականի հուլիսի 1-ից հաշվապահական և իրավաբանական ծառայությունները սկսելու են հարկվել ավելացված արժեքի հարկով, ինչը նորից հավելյալ բեռ է առաջացնելու և հանգեցնելու է գների աճի:

Բնականաբար շատ դժվար է լինելու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին նաև հաշվապահական ծառայություններ մատուցողներին հարմարվել նոր դրույքաչափերին, նոր փոփոխություններին, քանի որ բոլորը իրենց ֆինանսական պլանավորումը իրականացնում են տարվա համար»:

Նա նկատեց, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հարկային բեռի ավելացմամբ պայմանավորված արդեն իսկ դադարեցնում են իրենց գործունեությունը և հաշվապահական ծառայությունների ավելացված արժեքի հարկով հարկվել էլ ուղղակիորեն նորից ազդում է փոքր և միջին բիզնեսի վրա։

«Ճիշտ է, հարկման ռեժիմը փոխվել է հաշվապահական ծառայություններ մատուցողների համար, բայց այդ ծառայություններից օգտվում են հենց փոքր և  միջին բիզնեսի ներկայացուցիչները և նրանց համար այս ծառայությունները թանկանում են: Այդ բեռը իրենց համար տանելի չի լինում»:

Հերմինե Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են, որ այդ փոփոխությունները ուժի մեջ մտնեն 2026 թվականի հունվարի 1-ից, որպեսզի բոլորը հասցնեն այս իրողություններին հարմարվել, նոր տարին պլանավորել արդեն նոր ծախսերով, նոր հարկային դրույքաչափերով, բայց այդ ձայնը լսելի չեղավ:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը: