Անցած տարի ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լրագրողներին բռնությամբ դուրս էին հանել, կա հարուցված վարույթ, լրագրողները ճանաչված են տուժող, բայց այդ գործը տեղից չի շարժվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Բոլորը հայտնի են, տեսագրությունը կա ամբողջությամբ, այսինքն ողջ գործը ընթացքը տեսագրված է, որևէ նոր բան չկա բացահայտելու, ուզում եմ հասկանալ ինչն է, որ խանգարում է այս գործի բացահայտմանը:

Թույլ տվեք ասել, որ այդ գործի բացահայտման ուշացումը հանգեցրեց նրան, որ շաբաթներ առաջ կրկնվեց դեպքը և լրագրողներին բռնությամբ դարձյալ օթյակից դուրս հանեցին, էլի անվտանգության աշխատակիցները՝ չունենալով նման լիազորություն։ Այսինքն մի գործը, որ չբացահայտվեց, երկրորդը կրկնվեց։ Ու այս մասով ես ձեզ ուղարկել եմ գրավոր նաև դիմում, կխնդրեմ նաև այս մասով ասեք ինչ ընթացքի մեջ է, գուցե ձեր մոտ արդեն կար հարուցված վարույթ ես տեղեկություն չունեմ»,-ասաց նա՝ դիմելով գլխավոր դատախազին: