Ես կիսում եմ  մտահոգությունը, որ հայհոյանքը Հայաստանում դարձել է քաղաքական կատեգորիա: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Շատ տհաճ է, երբ համացանցով և նաև հեռուստաընկերությունների միջոցով հետևում ես շատ գործիչների խոսույթին։ Բայց ես ուզում եմ ուշադրություն դարձնել, որ մենք գործ ունենք էլիտայի հետ և առաջին հերթին իշխանական էլիտան պիտի թելադրի օրինակելի օրակարգ և աչքի ընկնի օրինակելի վարքով։ Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայհոյախառն խոսակցություն է ունենում, ես դեռ չեմ խոսում սպառնալիքների մասին՝ պատերին ծեփել և այլն, երբ այս խոսույթը իջնում է ուղիղ վերևից, ամենաառաջին պատասխանատուից, մենք դաշտի մյուս ներկայացուցիչներից ի՞նչ ակնկալիք ենք ուզում ձևավորել։

Եկեք պահպանենք պատգամավորական էթիկան և եկեք միմյանց նկատմամբ վերաբերվենք հարգալից: Գոնե, եթե միմյանց նկատմամբ չկա այդ հարգանքի տարրական դրսևորումը խոսույթի ձևավորման, ապա գոնե մենք պարտավոր ենք այդ հարգանքի դրսևորումը ապահովել հանրության նկատմամբ։ Իսկ հանրությունը մեզ նայում է ուղիղ եթերի ռեժիմով»,-ասաց նա:

Թովմասյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ԱԺ դահլիճում միջադեպ եղավ, որի ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայհոյում էր, ինչը շատ ամոթ է:

«Ես միշտ քննադատել եմ իշխանություններին, բայց չեք կարող գտնել մի բառ, մի արտահայտություն, որով ես վիրավորել եմ որևէ մեկին, որով հանրության բարոյական նորմերը խոչընդոտել եմ: Ես իմ օրինակով ցույց եմ տալիս, որ այո, չի կարելի Ազգային ժողովում պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսևորել և ցուցաբերել այնպիսի մոտեցում:

Ուզում եմ վերջում հորդորել՝ ունեցեք կուսակցության կամ խմբակցության նիստ և սկսեք քաղաքական էլիտայի խոսույթի վերաշարադրումը ձեզանից, հետո մյուսներից արդեն կունենաք ակնկալիքներ»,-սաց նա: