Այսուհետ իշխանությունը փոխվելու է բացառապես ընտրությունների միջոցով. Մենք կարողացել ենք ապահովել այնպիսի ընտրական պրոցեսներ, որ ցանկացած մարդ, եթե իսկապես ունի աջակցությունը ժողովրդի, նա կարող է ընտրություններով ընտրվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս  Ղազարյանը:

«Այն, որ ընդդիմադիր ուժերը չեն ուզում սպասել 2026 թվականին, պայմանավորված է նրանով, որ վստահ են, որ իրենք չեն կարողանա համապատասխան ձայներ ունենալ 2026 թվականին: Իրենց  ցանկությունն այն է, որ հնարավորինս ներքաղաքական կյանքը թեժ պահեն, որ որոշ պրոցեսներ հարթ, հստակ չընթանան: Իրենք վստահ են, որ 2026 թվականին համապատասխան ձայներ չեն ունենա, սա է ամբողջ խնդիրը»:

Հիշեցմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վստահություն էր հայտնել, որ 2026-ին ՔՊ-ն իշխանություն չի ունենա, Ալխաս Ղազարյանն ասաց. «Մենք նման անհանգստություն չունենք 2026 թվականի համար, բայց որպես քաղաքական ուժ մենք էլ ենք որոշ բաների վրա ուշադրություն դարձնում, վերլուծություններ անում, փորձում հնարավորինս ամեն ինչ շտկել, նորմալացնել: Որպես քաղաքական ուժ, բնականաբար մտածում ենք 2026-ի համար։ Վիլեն Գաբրիելյանի արտահայտությունը, ինչպես տեսաք, պահի տակ արված արտահայտություն էր, չեմ կարծում, որ որևէ վերլուծության արդյունքում է նա  նման արտահայտություն արել:

Մենք անհանգստանալու կարիք չունենք, ցանկացած քաղաքական ուժ էլ ընտրություններին թող մասնակցի, թող ներկայանա ժողովրդին, թող ներկայացնի իր ծրագիրը, ժողովուրդն էլ ընտրություն կանի ըստ իրենց ծրագրերի»:

Նա համոզմունք հայտնեց, որ Արթուր Վանեցյանի կուսակցությունը չի կարող մրցակից համարվել ՔՊ-ին:

Հարցին՝ դուք վստահ եք, որ ՔՊ-ն կրկին 50 պլյուս ձա՞յն է ստանալու, նա պատասխանեց. «Ընդդիմադիր խմբակները, որ փորձում են ներքաղաքական կյանքը անընդհատ պղտորել, նրանց մի հիմնական միտումն այն է, որ այն դրական փոփոխությունները, որ տեղի են ունենում,  հնարավորինս ստվերելն է: Ես կոչ կանեի՝ եթե այդքան վստահ եք ձեր ուժերին, ունեք աջակցություն, ինչի համար է հիմիկվա այս աժոտաժը:

Այո, ես տեսնում եմ հնարավորություն, որ ՔՊ-ն կստանա 50 տոկոսից բարձր ձայներ: Կարծում եմ՝ ժողովուրդն էլ համեմատական կանցկացնի, կտեսնի՝ ինչքան աշխատանք է կատարվել, ինչպես է իր կյանքը փոխվել: Կարծես Հայաստանի ամբողջ տարածքը վերածված լինի մի շինհրապարակի, ամեն համայնքում կոնկրետ աշխատանքներ են իրականացնում և բնակիչների կյանքը օր-օրի բարելավվում է»: