Ուղղակի աբսուրդ է, որ որևէ մեկի մտքով կարող է անցնել, որ Հայաստանի որևէ քաղաքացի՝ անկախ քաղաքական հայացքներից, կարող է մտքով անցկացնել, ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Շատ անօգուտ գործունեությամբ է սկսել զբաղվել մեր խորհրդարանական ընդդիմությունը՝ համապատասխան նախագիծ բերելով, այն դեպքում, երբ այդ դրույթը քրեական օրենսգրքում արդեն իսկ ներառված է, ընդամենը հանրային տրամադրությունները ակտիվացնելու, 2026-ից առաջ ինչ-որ դիվիդենտներ շահելու ձև է, որը մենք արդեն տեսել ենք:
Կան թեմաներ Հայաստանում, այդ թվում Հայոց ցեղասպանության թեման, որ որոշ քաղաքական շրջանակներ և այդ շրջանակներն այսօր մեր խորհրդարանական ընդդիմությունն է, միշտ ակտիվացնում է ներքաղաքական հարցեր առաջ տանելու նպատակով։ Բայց ես կարծում եմ՝ մեր ժողովուրդն իմունիտետ ունի այդ աղմուկի նկատմամբ և թացի չորից տարբերում է»,-ասաց նա:
Անդրադառնալով երրորդ նախագահը Սերժ Սարգսյանը հայտարարությանը, որ Հայաստանի բնակչության 80%-ը գործող իշխանության և Փաշինյանին դավաճան է համարում, Խանդանյանն ասաց. «Ես ուզում եմ մեկ ստատիստիկ տվյալ բերել, որը բացարձակ ճշմարիտ է, որ Հայաստանի ողջ բնակչությունը մերժել է Սերժ Սարգսյանին և նրան քաղաքական պատմություն դարձրել: Իսկ մնացած բոլոր ստատիստիկ տվյալների պատասխանները տրվում են Հայաստանում ժողովրդավարական, ազատ, թափանցիկ ընտրությունների միջոցով, որը տեղի կունենա հաջորդ տարի:
Ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի նպատակը պիտի լինի իշխանափոխությունը, բայց դատելով Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից, դրա ընթացքից ու ավարտից, նրա հետագա ընդդիմադիր քաղաքական գործունեությունից, ինձ բնավ չի մտահոգում, ընդհակառակը, մի քիչ էլ ուրախացնում է, որ Սերժ Սարգսյանն է պատրաստվում այդ էստաֆետը վերցնել իր ձեռքը: Որովհետև հաջողության հասնելու շանսերը շատ-շատ նվազ են»:
Հարցին՝ ինչո՞ւ է այդքան թերահավատ, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Որովհետև շատ ավելի լավ եմ ճանաչում Հայաստանի քաղաքացիներին: Իհարկե քաղաքացիները կարող են մեզնից դժգոհել և ինչ-որ պահի մեզ դարձնել ընդդիմություն, դա բնական է, դա ինչ-որ պահի հավանաբար, գալու է, որ մենք չենք հաղթելու ընտրություններին, բայց նաև ակնհայտ է, որ քաղաքացիների ողջախոհությունը նրանց չի լքել: Ես մեծ թրահավատությամբ եմ մոտենում այն հարցին, որ Սերժ Սարգսյանը կարող է իշխանափոխության առաջամարտիկը լինել»:











