2024թ.-ին գրանցված տնտեսական աճը հիմնականում ձեւավորվել է կարճաժամկետ ցուցանիշների հիման վրա, ինչն էլ փուչիկ է առաջացրել, որն այժմ «թսկում» է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով արտահանման եւ ներմուծման ցուցանիշների նվազմանը:
«2024թ.-ին գրանցվել է արտահանման 53 տոկոս աճ, որը հիմնականում պայմանավորված է ոսկու եւ ադամանդի վերաարտահանման աճով: Նախորդ տարի 13.1 մլդ դոլարի արտահանման 62 տոկոսը եղել է ոսկին եւ ադամանդը, ինչն էլ քողարկել է այլ հիմնական ուղղություններով արտահանման անկումը: 2024թ.-ին դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 10 տոկոսով, իսկ դեպի Եվրամիություն՝ 14 տոկոսով: Քանի որ ներկայումս ոսկու վերաարտահանումը այնքան մեծ տեմպով առաջ չի գնում, իրավիճակը հետ է գալիս իրականություն ու մենք տեսնում ենք արտահանման եւ ներմուծման անկում: Եթե այս տեմպերով շարունակվի, 2025թ.-ին կունենանք արտահանման եւ ներմուծման 30 տոկոս անկում, քան 2024 թվականին»,- ասաց տնտեսագետը:
Թավադյանի խոսքով, նույն խնդիրն է նաեւ արտադրության մեջ, որի աճը հիմնականում ոսկին էր ապահովում. Մինչեւ նոյեմբեր եղել է երկնիշ աճ, իսկ մի քանի ամիս անց գրանցվել է երկնիշ անկում. «Նույնը ՀՆԱ-ի աճի մեջ, մինչեւ 2023թ. ընդհանուր արդյունաբերության մեջ 95 տոկոսն ապահովում էր ոսկու արտադրությունը՝ պայմանավորված վերաարտահանմամբ, հիմա ոսկու արտահանումը դանդաղել է եւ մենք տեսնում ենք տնտեսական ակտիվության, արտահանման եւ ներմուծման նվազում»:
Հիշեցնենք՝ ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին արդյունաբերությունը նվազել է 18.5 տոկոսով, արտահանումը՝ 61,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 47,9 տոկոսով:











