Երեւանի Պռոշյան փողոցում այսօր երեկոյան քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել եւ ծաղիկներ դրել 2022թ.-ին այս օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի հիշատակին:

Նշենք, որ վրաերթի ողբերգական դեպքից 3 տարի է անցել, գործը մինչեւ հիմա քննվում է դատարանում: Տուժողի իրավահաջորդները եւ նրանց փաստաբանը դժգոհություններ ունեն գործի ընթացքից:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։