Մենք նախորդ տարի Երևանում 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք արել և այդ 50 կիլոմետրն էլ թերմոպլաստով գծանշումներ ենք արել, խնդրում եմ ինձ տարեք ցույց տվեք այս 50 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքների վրա եղած փոսերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ասֆալտապատումից հետո հաջորդ տարի նույն հատվածներում փոսալցման աշխատանքներ են կատարվում:
«Ամեն տարի, այո, Երևան քաղաքում նաև առատ անձրևներով պայմանավորված տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով ավելի վատթարանում է, ենթակառուցվածքով, նաև մաշվող ջրի խողովակներով, կոյուղիներով, այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, և այո, Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս;
Հիմա, իհարկե, փոսալցման աշխատանքները մենք մեկ ամիս հետո ամբողջը կանենք, կավարտենք, էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, էլի հաջորդ տարի գարնանը որոշ չափով կվերադառնանք, բայց ամեն ինչ համեմատության մեջ է պետք տեսնել: Նախորդ տարի այս ժամանակ շատ ավելի մեծ ծավալի խնդիրներ ունեինք, շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ ունեինք անելու, այս տարի ծավալները էլի կան, բայց նույնը չեն: Հաջորդ տարի էլ ավելի քիչ է լինելու, այն մյուս տարի էլ ավելի քիչ է լինելու»,- հայտարարեց Ավինյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ ամեն անգամ անձրեւից հետո Երևանի փողոցներում հեղեղումներ են, քաղաքապետն արձագանքեց. «Կներեք, ամենայն հարգանքով, հլը Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի: Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, անձրևներ քանակը Երևան քաղաքում ավելանում է և գնալով ավելանալու է: Դա պայմանավորված է աշխարհում կլիմայի փոփոխությամբ։ Ամեն տարի մենք ունենալու ենք ավելի շատ անձրև և համապատասխան գործողություններ պետք է իրականացնել»:











