Ես կառավարության նիստի էի, եւ ենթադրում եմ, որ հենց դա է պատճառը, որ չեմ հասցրել ծանոթանալ այս գործի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մեկնաբանելով Երեւանի Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ ծեծկռտուքը, որը թաղապետարանի մի քանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Մանասյանի խոսքով՝ հենց վերադառնա գրասենյակ աշխատանքի, անմիջապես կզբաղվի այս միջադեպով՝ հասկանալու համար, թե այս դեպքում ինչ դեր կարող է ունենալ ՄԻՊ գրասենյակը։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին պաշտոնյան թաղապետարանի մի քանի աշխատակիցների հետ բռունցքներով հարձակվել էր Չախոյանի վրա, որը եկել էր թաղապետարան՝ հարաբերություններ աարզելու։ Ծեծկռտուքին նախորդել էր երեկվա ակցիան շենքում, որտեղ Չախոյանը եւ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը թաղապետի պատկերով պաստառի վրա մածուն են լցրել՝ դա ուղեկցելով նրա հասցեին վիրավորանքներով։ Չախոյանը նշել է, որ Տեր-Մարգարյանը նախկինում իր հասցեին հեռախոսազրույցում անպարկեշտ արտահայտություններ է արել։ Այսօրվա ծեծկռտուքից հետո Չախոյանը հրավիրվել է ոստիկանություն՝ ցուցմունք տալու։











