Երբ մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դա մենակ նախկինի դեմ պայքարը չի, դա ընթացք և ապագա է ավելի շատ: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում հայտարարեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Արամ Օրբելյանը:
«Նախկինի դեմ տեղի ունեցած գործընթացները այսօր կարևոր են միայն այնքանով, ինչքանով, որ դրանք ազդում են ներկայի և ապագայի վրա։ Դա նրա համար չի, որ ինչ-որ մեկին պատժենք, որ 20-30 տարի առաջ ինչ-որ կոռուպցիոն դրսևորման մեջ ներգրավված է եղել կամ ինչ-որ հանցագործության մեջ ներգրավված է եղել։ Դրա համար ասենք ունենք նաև քրեական օրենսգրքում վաղեմության ժամկետներ, սահմանափակումներ: Որոշ ժամանակ հետո էլ ակտուալությունը կորում է: Այո, պետք է բացահայտել, պետք է գտնել, պատժել, բայց չպետք է դա այնպես լինի, որ ապագան խաթարվի:
Իսկ ապագային ուղղված գործողություններից է այն, որ որոշվեց, որ բոլոր դատավորները պետք է անցնեն բարեվարքության ստուգում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրեց բարեվարքման ստուգման գործընթաց: Ուզում եք դառնաք դատավոր, ուրեմն ձեր գույքը ստուգվելու է, ուզում եք լինել պետական կամ պաշտոնատար անձ, պետք է ներկայացնեք հայտարարագիր, և այդ հայտարարագրերը ստուգվելու են»,-ասաց նա:











