Եթե դատախազությունը իրոք օրինականության պահպանման գործառույթ ունի, պետք է ունենա արիություն, գա, հրաժարվի ապօրնի գույքի բռնագանձման բոլոր այն գործերից, որոնք ի սկզբանե հարուցված են եղել քրեական գործերի հիման վրա և որոնցով քրեական գործի հետ կապը իրենք չեն տեսել: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում հայտարարեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Արամ Օրբելյանը:

«Իրենք հինգ տարի, 2020 թվականից մինչև հիմա իրականացրել են ապօրինի տեղեկատվության հավաքում մարդկանց վերաբերյալ։ Ապօրինաբար երկարացրել են ուսումնասիրության ժամկետները, ուսումնասիրել են ինչ-որ գույքեր, ուսումնասիրել են մարդկանց բարեկամների գույքերը, հարազատների գույքերը, նաև այդ հարազատների գույքերը այն ժամանակ, երբ որ դեռևս բարեկամ և հարազատ չեն եղել։ Ուսումնասիրել են ընկերությունների, այլ գործընկերների գույքերը, երբ որ այդ մարդիկ պաշտոնատար անձ կամ քրեական գործի հետ կապված չեն եղել։

Սա ֆունդամենտալ խնդիր է, որ մենք պետք է իրականում ընկալենք, և դատախազությունը հիմա պետք է սկսի այս ամբողջ տեղեկատվության ոչնչացումը, որովհետև անձանց մասին հսկայական ծավալի տեղեկատվությունը հավաքագրել և պահում է իր մոտ: Դատախազությունը պետք է սկսի գնահատել այս ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների հետևանքի վերացումը։