Դա ցույց է տալիս, որ նախ ես իրոք ոչ մի կողմից չեմ ղեկավարվում, ոչ մի կողմին չեմ պատկանում, իրապես անկողմնակալ մարդ եմ, և երկրորդ, որ իմ ասածը ճշմարտություն է, որ ինձնից խրտնում են երկու կողմերն էլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով նրան, որ իրեն թիրախավորում են եւ իշխանության, և ընդդիմության ներկայացուցիչները:
«Դրանից ես զգուշավորություն չեմ ցուցաբերում, անշուշտ երբեմն տրտմում եմ, նեղվում եմ, որովհետև այն արտահայտությունները, որ իմ հասցեին արվում են, ոչ միայն վիրավորական են, այլ նաև բնավ առնչություն չունեն ճշմարտության հետ:
Երկու կողմերն էլ ցավոք իրար հերթ չտալով փորձում են իմ մեջ տեսնել ոչ հոգևորականի, կամ իմ մեջ չտեսնել հոգևորականի։ Թե դրանով ինչի են ուզում հասնել, չգիտեմ:
Բայց ինձ ցավ է առավելապես տալիս այն երիտասարդները, որոնք վերջիվերջո մեծացել են իմ օրոք, մանկապարտեզում են եղել, երբ ես առաջնորդ եմ եղել, այսօր հասել են չափահասության, կարող են քննադատել ինձ, իմ մասին խոսում են «պարոն Աջապահյան»-ով, «ինչ-որ տերտեր» ասելով։ Սա խոսում է ընդհանուր անկրթության մասին: Ոչ թե դրանով իրենք ինձ են որակում, դրանով ես «պարոն Աջապահյան» չեմ դառնում, ոչ էլ սրբազանից վերածվում եմ պարզ «տերտերի»:
Իրենց ղեկավարին ծառայելու այդ մոլուցքի նպատակը չեմ կարողանում հասկանալ, դա է ինձ տրտմեցնում»,-ասաց նա:
Աջապահյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է լսել քննադատություն. «Բայց իմ մասին «պարոն Աջապահյան»-ով խոսելը քննադատությո՞ւն է ինձ «ստալինապաշտ տերտեր» ասելը քննադատությո՞ւն է: Սա վայրահաչություն է որովհետև ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր: Այդ անձնավորությունը, որ ինձ ուրիշ տեղ տեսնելիս շփոթվում է, պատի հետևում թաքնվում է, լրագրողների առաջ առյուծանում է և ինձ անվանում է «ստալինապաշտ տերտեր»: Կամ ընդդիմությունից մի աղջիկ ասում է՝ «քայլող անտեղյակություն», սա ի՞նչ քննադատություն է:
Ովքեր ինձ լավ ճանաչում են, իրենք գիտեն, որ իմ աշխատողները, հավաքարարը կարող է ինձ քննադատել։ Իմ աշխատակիցների մեջ տոկոս են կազմում, որոնք բացահայտ այս իշխանության կողմնակից են։ Երբևիցե ես իրենց հետ այս մասին խոսակցություն անգամ բացած չկամ, որպեսզի իրենք իրենց վատ չզգան և ենթակա-վերադաս իմաստով իրենց համոզմունքները չվերանայեն գոնե ցուցադրաբար:
Թեև ես ինքս մոնարխիստ եմ, բայց այս բոլոր դեմոկրատ կոչվածներից իմ վարքով ավելի դեմոկրատ եմ»,-ասաց նա:











