Մենք պառակտված չենք, իրենք են պառակտված, մեզ մի վերագրեք պառակտումը. Էստոնիայի դեպքով ցույց տրվեց, որ եկեղեցին ամեն դեպքում,օրվա իշխանության նկատմամբ իր լոյալության այն չափաբաժինը, որ պիտի պահի, պահում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով նրան, որ Եկեղեցին մինչ այս պահն էլ պահանջում է վարչապետի հրաժարականը:

Իշխանությունն է, որ չի պահում: Իշխանությունն է, որ նույնիսկ արարողակարգային հարցերում չի պահում այն լոյալությունը, որ պիտի պահեր: Այո, ասում է՝ ինձ համար անընդունելի իշխանություն է, բայց իշխանություն է: Բայց իրենք ասում են՝ մինչև չխոնարհվեք, մինչև մեզ չասեք, որ մենք լավն ենք, մենք ձեզ հետ չենք շփվի: Մենք դա տեսել ենք: 1975 թվականից ես մտել եմ եկեղեցական ասպարեզ, մինչև 1990 թվական, 15 տարի լիուլի վայելել եմ սովետական կարգերի այդ թշնամական հանդուրժողականությունը եկեղեցու նկատմամբ»,-ասաց նա:

Հարցին՝ Գյումրիում նոր իշխանության օրոք արդեն ինչ-որ բան փոխվե՞լ է, Միքայել Սրբազանն ասաց. «Հլը շուտ է, որ ինչ-որ բան փոխվի, ի՞նչ պիտի փոխվի: Հլը թող աշխատի, տեսնենք։ Այս քաղաքը ամեն բանից ոչ ոգևորվողն է, ոչ հուսահատվողն է:

Այս քաղաքը այնքան լավ ու վատ բաներ է տեսել: Էս ժողովուրդը այնքան լավ ու վատ քամու, շոգի, ցրտի, տաքի մեջ այնքան է կոփվել, որ իրեն ամեն մի հասարակ բանից հնարավոր չէ հուզել, ոգևորել կամ սառեցնել: Գյումրեցին Հայաստանի մեջ շատ յուրահատուկ տեսակ է։ Շատ հաճխ գյումրեցին ինքն էլ չգիտի այդ մասին, ինքը ուղղակի ապրում է իր կյանքը: Եվ ուրախությունը, և տխրությունը շատ հավասարաչափ ստոիկությամբ տանող մարդ է գյումրեցի»,-ասաց նա: