Այն նիստերին, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը:

«Մենք ունենալով 14 մանդատ, նաև կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը, մեր նախընտրական ծրագրում հայտարարած բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որպեսզի իրականանան, քանի որ այդ ծրագիրը մեր քաղաքի Գյումրու և գյումրեցիների մասին է: Այսինքն մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին և մեր բնակչությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց փոխքաղաքապետների, հանձնաժողովների նախագահների ընտրությանը, նա ասաց. «Անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ընտրությանը, ուղղակի պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ։ Մարդիկ հանձնաժողովների մեր նախագահներին կողմ են քվեարկել, այդ հանձնաժողովներում բոլորս համատեղ աշխատելու ենք:

Ինչպես Վարդան Ղուկասյանը նշեց, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք խիստ և հետևողական լինելու, որպեսզի այդ պաշտոնյաները իրենց լիազորությունները և պարտականությունները իրականացնեն պատշաճ, օրենքի համապատասխան և ծառայեն գյումրեցիներին:

Ես ասել եմ, որ որևիցե պաշտոնի չեմ հավակնում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես, որ 17200 ձայն ունեցող խմբակցության ղեկավարն եմ: Չենք ներկայացրել փոխքաղաքապետի թեկնածու, որովհետև հայտարարել ենք, քանի որ համայնքային իշխանությունը ձևավորվել է ոչ դասական քաղաքական պրոցեսների արդյունքում, քաղաքային իշխանության ձևավորմանը մենք մասնակցություն չենք ունենալու: Նաև անիմաստ է սեփական թեկնածուին ներկայացնել որպես փոխքաղաքական: Դա կնշանակի համագործակցություն, դա կնշանակի կոալիցիա կամ հուշագիր, դրա համար հեռու ենք մնացել»,-ասաց Սարիկ Մինասյանը:

Նա բացառեց, որ երբեւէ կոալիցիա կկազմի Վարդան Ղուկասյանի գլխավորած Կոմկուսի հետ. «Ես ո՜ւր, կոմունիզմը՝ ո՜ւր, հոկտեմբերիկ էլ չեմ եղել»: