ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքել է ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը «ռուսական շպիոն է»։
«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքը և այս իշխանությունն են թուրք- ադրբեջանական տանդեմի շպիոն հանդիսանում։ Իրենք հայտնվել են ճնշված վիճակում հենց թուրք–ադրբեջանական տանդեմի գործողությունների արդյունքում, հենց սա է ինքնիշխանության կորուստը:
Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի նորօրյա պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի եւ Արցախի անկախությունն է և ինքնիշխանության հետզհետե ամրապնդումը: Եկեք համեմատենք, թե ում ղեկավարության ժամանակ է Հայաստանն ավելի ինքնիշխան եղել, ավելի բալանսավորված, լայն ընդգրկվածությունը ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել: Ոչ հիմա, իհարկե, որովհետեւ նախկինում արտաքին քաղաքականությունը, երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները, որոնց հիմքում ընդգրկված են եղել եւ քաղաքական, եւ աշխարհագրական, անվտանգային բավականին լուրջ բաղադրիչներ, թույլ է տվել, որ Հայաստանն ու Արցախը ինտեգրված համակարգում փորձեն զարգանալ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա հավելեց, որ անընդհատ զիջումների գնալը, կեղծ խաղաղության գործընթացի գնալն են հենց ինքնիշխանության կորուստ. «Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի նման պետությունները, որ շրջապատված են այսպիսի հարեւաններով, չեն կարող առանձին իրականացնել իրենց կայուն, անվտանգ զարգացմանը խնդիրները. «Մեր նման երկրները պետք է ունենան և երկկողմ հարաբերություններ, եւ նաեւ բազմակողմ հարաբերություններ, այն անվտանգային համակարգը, դա ՀԱՊԿ-ն է»,- ընդգծեց նա:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին անվանել էր «ռուսական շպիոն»՝ հավելելով, որ վերջինս հետապնդում է ռուսական շահեր և միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող քաղաքական գործիչ է։











