Իրենք ամեն ինչ անելու են, փորձելու են այնպես անել, որ Գյումրին կառավարելի չդառնա: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Այս պահի դրությամբ ընդդիմությունը հաղթել է և Գյումրին ունի քաղաքապետ, որի դիմացը փորձում են փակել: Հիմա ամեն անգամ էլ կարելի է տապալել, ընտրություններ լինի, իշխանության համար ոչ ցանկալի մարդիկ ընտրվեն, էլի տապալեն, էլի նոր ընտրություններ լինեն»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՔՊ-ն փորձի իրենց խմբակցությունից էլի մարդկանց «գողանա» և ապահովի իր համար բավարար թվով մանդատներ, որ կարողանա քաղաքապետ ընտրել իր մարդուն, Գրիգորյանը պատասխանեց. «Նմանատիպ կասկածներ իմ թիմի հետ կապված չունեմ, բայց որ երևույթը պարզ է, որ ամեն ինչ անում են, որ այս պրոցեսները շարունակվեն ու ամեն ինչ անելու են, որպեսզի Գյումրիում ամեն ինչ «պռավալ» գնա, զավթեն իշխանությունը, դա պարզ երևում է: Հիմա իրենք ուզում են մեկ մանդատ փախցնել: Բոլորս էլ լավ հասկանում ենք՝ էդ մի մանդատը իրենց ինչ է տալիս, որ դրա համար այսքան կռիվ են տվել, սաղ պետությունը խառնել են իրար: Իրենց մանդատների թիվը 14-ից դառնալու է 15 և իրենց մնալու է երկու մանդատ, երկու մանդատի կռիվ են փորձելու տալ: Թե որ թիմերի հետ են անելու, որի գլխին ինչ են սարքելու, բոլորին էլ փորձում են, բոլորի հետ էլ այդ աշխատանքները տանելու են»,- հայտարարեց Մարտուն Գրիգորյանը:
Նա պարզաբանեց, որ այսօր երեկոյան ժամը 18-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ պետք է արձանագրի, որ այս մարդը մանդատից արդեն զրկված է և մանդատը փոխանցում է հաջորդ համարին՝ հիմք ընդունելով քաղաքապետի արձանագրությունը:
Եթե Կարեն Բադալյանը դիմել է դատարան, փորձելու են որոշակի ձևով կասեցում ապահովեն և «Մեր քաղաքը» խմբակցությանը զրկեն մեկ մանդատից: Այսինքն դատական պրոցեսներ գնան, իսկ «Մեր քաղաքը» 5 մանդատով շարունակի աշխատել 6-ի փոխարեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ, փաստաբան Սոս Հակոբյանը տեղեկացրել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել և ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Սակայն երկու օր անց Կարեն Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իմ դիմումը, նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի մասին արձանագրությունը սահմանված 7-օրյա ժամկետում պետք է արձանագրություն կազմեր և մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու որոշում կայացներ, ինչը չի արել: Սոս Հակոբյանի խոսքով, դրանով նա խախտել է գործող օրենսդրության պահանջները:
Ընդդիմադիրները մտավածություն ունեն, որ ՔՊ-ն ցանկանում է մանդատ գողանալ «Մեր քաղաքը» դաշինքից:
ՔՊ-ն Գյումրիի ավագանիում ունի 14 մանդատ, նրան չի բավարարում 3 մանդատ, որպեսզի կարողանա քաղաքապետ ընտրել սեփական թեկնածուին:











