Եվրոպայի առաջատար բյուջետային  ավիաընկերություններից մեկը՝ Wizz Air-ը, բացում է իր բազան «Զվարթնոց»–ում և հայտարարում Հայաստանից Եվրոպա ութ նոր ուղղությունների մասին։«Այդպիսով, գործող իննը ուղղությունների հետ միասին Հայաստանից Wizz Air-ը կունենա ընդհանուր առմամբ 17 չվերթ դեպի տասը երկիր։

Զվարթնոց միջազգային օդանավակայանում մեր առաջին ինքնաթիռը կտեղակայվի հոկտեմբերի 1–ին, երկրորդը՝ հոկտեմբերի վերջին, ավելի կոնկրետ՝ հոկտեմբերի 26-ից»,– Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Wizz Air Հունգարիայի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները։  Հոկտեմբերից Wizz Air-ը Երեւանից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Պրահա, Համբուրգ, Նիս, Պաֆոս, Նեապոլ, Բուխարեստ, իտալական Բարի և գերմանական Մեմմինգեն։

Տոմսերն արդեն վաճառքում են։ Արժեքը՝ սկսած 29,99 եվրոյից։ Ընկերության առաջարկած արժեքներով տոմսերը հնարավոր է գնել միայն wizzair.com պաշտոնական կայքում և ընկերության բջջային հավելվածով։ Հոկտեմբերից կավելացվի նաև դեպի Դորտմունդ չվերթների հաճախականությունը՝ շաբաթական հասցնելով մինչև 4 թռիչքի։Wizz Air-ը Հայաստանից սկսել է չվերթներ իրականացնել 2020 թվականից։

Նոր ուղղությունների բացման արդյունքում նախատեսվում է տարեկան վաճառել մինչեւ 1.2 միլիոն ավիատոմս։ Wizz Air–ի բազայի շնորհիվ Հայաստանում կբացվի մոտ 100 նոր աշխատատեղ՝ միայն օդաչուների ու բորտուղեկցորդների համար։ Մինչև 1000 անուղղակի աշխատատեղ էլ կբացվի զբոսաշրջային ու սպասարկման ոլորտներում։ «Մեր մասնաբաժինը հայաստանյան շուկայում մոտ 21 տոկոս է, չվերթները շատ լավ են աշխատում եւ մեծ պահանջարկ ունեն։ Սա հնարավորություն է էլ ավելի մեծացնելու մեր ներկայությունը:

Կովկասը մեզ համար ռազմավարական շուկա է: Մենք պատրաստվում ենք վերանայել ցանցը, գոյություն ունեցող չվերթները»,– ասաց Ռոլանդ Տիշները։Զվարթնոցում կտեղակայվեն ժամանակակից Airbus A 321 neo ինքնաթիռներ։ Wizz Air—ի նոր ինքնաթիռները 20%-ով կնվազեցնում են CO₂ արտանետումներն ու վառելիքի ծախսը, 50%-ով էլ աղմուկը։Wizz Air-ը, որը 2024-ին ճանաչվել է աշխարհի 10 ամենաապահով ավիաընկերություններից մեկը, Երևանի բազայի միջոցով կդառնա «Զվարթնոցի» հիմնական փոխադրողը։