Դեռևս 2023 թվականին ՀՀ վարչապետը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական է տվել, որ մեր սպառողներին, մեր բնակչությանը որակյալ և անվտանգ մսամթերք մատակարարելու համար ապահովել այնպիսի իրավիճակ և այնպես կազմակերպել, որպեսզի խրախուսվի սպանդանոցային սպանդը և մեր բնակչությունը, ֆերմերային տնտեսությունները անասունների սպանդը իրականացնեն սպանդանոցների միջոցով։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այստեղ հանձնարարականի էություն այն էր, որ ոչ միայն կոնկրետ գործողություններ արվեն, այլ նաև մշակվեն մոտիվացիոն մեխանիզմներ և սպանդանոցային տնտեսությունների համար, և բնակչության համար, որպեսզի իրենք կարողանան դա կազմակերպել։

Հանձնարարականը կատարելու  համար ուսումնասիրվել է միջազգային փորձը, ավստրիական փորձն է ուսումնասիրվել և այդ փորձը բերել ենք և տեղայնացրել ենք Հայաստանում: Ավստրիացիները նույնպես այս նույն պրոբլեմը ունեցել են, երբ անցել են սպանդանոցային մորթին: Այսինքն, առանց լրացուցիչ մոտիվացիոն համակարգի խնդիրը տեղից շատ դանդաղ է առաջ գնացել, և այնուամենայնիվ բավականին երկար ժամանակ դեռևս այնտեղ էլ մորթը չի իրականացվել սպանդանոցային եղանակով»,-ասաց նա:

Նրան ծիծաղելով ընդհատեց վարչապետ Փաշինյանը՝ նշելով. «Ամբողջ դահլիճը ժպտում է, որովհետև բոլորս հիշել ենք՝ «մենք ենք և ավստրիան» արտահայտությունը։ Եվ դրա համար են բոլորը ժպտում, այլ բան, չմտածեք»: