Մարմարիկ գյուղում արդեն 5 օր է, շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա: Այսօր՝ մայիսի 9-ին, նրա ծննդյան 2–ամյակն է: Ծնողները հույս ունեին, որ փոքրիկին գոնե մինչ իր ծննդյան տարեդարձը կգտնեին, այնինչ մինչ այժմ Մարմարիկ գյուղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Բնակիչներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ արդեն քանի որ փրկարարների ստուգում են գետը, գնացել են մինչեւ Հրազդան. «Ապրեն մեր փրկարարները, ուղղակի ափսոս էդ մատղաշ երեխեն։ Եթե մի տարիքով մարդ լիներ, երեւի այսքան չնեղվեինք։ Գյուղի ժողովուրդը ինչ կարողանում է, ով ինչ գիտի՝ անում է։ Մարդիկ տրամադրություն չունեն, հավաքվում են հոր մոտ, դե կողքը միշտ պետք է մարդ լինի, որ չտրաքի։ Աստված, թող մի հատ հրաշք լինի, էդ երեխեն հայտնվի, հենց էսօր էլ իր ծննդյան օրն ա»։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ:Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։











