Երդ դուք այդպես եք մեկնաբանում վարչապետի խոսքը, դրա համար էլ հասարակության մեջ սխալ կարծիք է ձևավորվում, որ վարչապետն ասել է՝ սաղիդ տանելու եմ, լցնեմ պադվալը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ վարքին։

«Նա ասել է՝ եթե ընդդիմադիր մամուլին հետևեմ, ձեզ բոլորիդ պետք է տանեմ լցնել պադվալ ու այո, և ոչ միայն դա, այլև կախել հրապարակից։ Դ ուքչեք շփվո՞ւմ քաղաքացիների հետ, չգիտե՞ք, որ նման պահանջ կա հասարակության մեջ։ Որ մամուլի հրապարակումներին, որ հետևես, հենց այդպես էլ պետք է անես, բայց վարչապետն ասում է՝ մամուլով ես չեմ առաջնորդվում, ես չեմ կարող միայն մամուլին հղում անելով առաջնորդվել։ Եթե այդպես անեմ՝ ձեզ բոլորին պետք է տանեմ, լցնեմ պադվալը։

Ինչ-որ մարդիկ էլ վարչապետի ժեստը, որ «էստեղս է հասել», ասում էին վիզը կտրելու սպառնալիք է։ Մանիպուլյացիան այդպես է լինում»։

Անդրադառնալով վարչապետի պնդմանը, թե մարզերում բնակիչները իրեն ասում են, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նստած չեն, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Ես ամենաշատ մեղադրանքը մեզ լսել եմ, որ ինչու նախկին թալանչիները նստած չեն։ Իրականությունն է ասել վարչապետը»։

Խոսելով սահմանին կրակոցների մասին, Հասմիկ Հակոբյանը նշել է դրանց պատճառը. «Բանն այն է, որ հայտարարելուց հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը երկուստեք արդեն համաձայնեցված է, սա անակնկալ է եղել Ադրբեջանի իշխանությունների համար, և Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Հայաստանից ստանալ ագրեսորի կերպար և դիրքավորվել իբրև խաղաղասեր միջազգային հանրության առաջ։

Սկզբում կրակոցների մասին սուտ տեղեկություններ էին հայտնում, սակայն դրա հետ կապված չկային փաստեր։ Քանի որ չկային փաստեր, Ադրբեջանը սկսեց անկանոն կրակել, այդ կրակոցները երբեմն դեպի Հայաստան են ուղղվում, ինչը քննադատվում է մեր կողմից։ Արձագանքել պատասխան կրակոցով, դա, այսպես ասած, քարտ տալ է նշանակում Ադրբեջանին, որ կարողանա Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր և ոչ խաղաղասեր»։