Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքական կուրսը ես կբնորոշեմ որպես «շիլափլավ»։ Այս մասին NEWS.am–ի «Ուժի գործոն» հաղորդաշարի ժամանակ նշեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Ավետ Ադոնցը։

«Ընդունվում է օրինագիծ ԵՄ անդամակցության մասին, ինչը անկեղծ քայլ չի. եթե լիներ անկեղծ քայլ, ապա շատ–շատ զարգացումներ գոնե օրենքի ընդունումից հետո տեղի չէին ունենա, ինչպիսին է, օրինակ, Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը, անցյալ շաբաթ ԱԺ–ում տեղի ունեցածը։ Այս օրենքի ընդունումն ավելի շատ կրում է հակառուսական բնույթ, քան եվրոպամետ։ Եվրոպամետ լինելու համար հեչ պարտադիր չէ նմանատիպ օրենքի ընդունումը։ Ընդամենը պետք է գործողությունների ծրագիր և դրա իրականացում։ Այդ գործողությունների ծրագիրը մենք ունենք, որը ստորագրված է վաղուց եւ որի անունն է CEPA: Այդ գործողությունների ծրագիրն իրականացված է առավելագույնը 25-30 տոկոսով։ Հիմա մենք փոխանակ մեր փերֆորմանսը ուժեղացնենք, դրա արդյունավետությունն ու որակը մեծացնենք, մենք փորձում ենք էլ ավելի ընդգծել եվրոպամետ լինելը, կամա վելի ճիշտ հակառուսական լինելը, ինչն անթույլատրելի է»,–ասաց նա։

Հարցին՝ Հայաստանը հնարավորություն ունի՞ դառնալ ԵՄ անդամ ինչ–որ ժամանակ, Ադոնցը պատասխանեց. «Այդ հեռանկարն ունենալու համար նախ պետք է այդ հեռանկարը ձեւակերպվի և ձեւավորվի, նկատի ունեմ հանրաքվեի միջոցով։ Երկրորդը, այդ հեռանկարն ունենալու համար դու պետք է երկար ճանապարհ անցնես, որ դու ունենաս այդ ամբիցիան՝ օբյեկտիվ հիմքերի վրա հնչեցնելու դրա մասին։ Դա հնչեցնելուն պետք է նախորդեն լուրջ քննարկումներ ու բանակցություններ ԵՄ–ի հետ։ Միակողմանի հնչեցնելը, թե ես ուզում եմ ԵՄ անդամ դառնալ, ավելին, ընդունել օրենք, որ այդ կուրսն է ընդգծված դարձնում, այդպիսի պրակտիկա ես գոնե չեմ տեսել։ Ազդակ ԵՄ–ից Հայաստանին, որ դուք ունեք ԵՄ անդամակցելու հեռանկար, գոնե ես չեմ տեսել, չեմ լսել։ Ես ավելի քան վստահ եմ, որ այդ ազդակը լինել չի կարող։ Հայաստանի ներքին վիճակը, նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակը բացառում է, որ այդպիսի ազդակ ի հայտ գա կամ հնչեցվի ԵՄ–ի կողմից»,–ասաց Ադոնցը։

Նա ընդգծեց, որ հիմա Արևմուտքը հաճախ ասում է՝ կամ մեզ հետ ես, կամ Ռուսաստանի հետ ես. «Ես վստահ եմ, որ «կամ–կամ»–ը մեզ համար չէ, մեզ հմար աշխատող չէ։ Աշխատող է ունենալ ռազմավարական գործընկեր եւ բավականին խորացված համագործակցություն այլ արտաքին քաղաքական բևեռի հետ։ Դա ավելի աշխատատար է, բայց հնարավոր է։ Դա է մեր արտաքին քաղաքականության հիմնական ճանապարհը, իմ կարծիքով»,–ասաց նա։