Այս պահին ընթանում է «Ազգային ինքնության վերանայման փորձերը Հայաստանում» թեյամով աշխատաժողովը։ Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են գալիս Հանրային քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Գարեգին Մանուկյանը և փիլիսոփայության դոկտոր, ՀԱՀ դասախոս, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Աշոտ Ոսկանյանը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են հետևյալ թեզերը.
«2020-ի ռազմական պարտությունից և դրան հետևած Արցախի հայաթափումից առաջ եկած խոր ճգնաժամին ՀՀ իշխանությունները պատասխանել են ազգային ինքնության պատմականորեն ձևավորված համակարգի արմատական կերպարանափոխման ծրագրով, որը ներկայացվում է «իրական Հայաստանի գաղափարախոսությամբ»:
Ընդ այդմ, նկատի չի առնվում, որ ողջ հասարակության անունից հանրահռչակած ցանկացած գաղափարախոսություն «կեղծ գիտակցություն է» այն իմաստով, որ այն ունիվերսալություն է վերագրում առանձին գաղափարների, որոնք իրականում արտացոլում են որոշակի սոցիալական խմբերի շահերը և դրանց՝ տիրապետության ծածկյալ հավակնությունները։
Զեկուցման ընթացքում նախատեսվում է ցույց տալ, որ բնակչության կենսագործունեության նկատմամբ համատարած ֆինանսական վերահսկողություն ձգտող վարչական ապարատը, որը նույնականացնում է իրեն պետության հետ, հանդես է գալիս որպես «իրական Հայաստան» գաղափարախոսության հիմնական շահառու»:











