Ցավալի է, բայց հաճախ քաղաքական կոչվող ուժերը, տարիներ շարունակ ելնելով իրենց նեղ խմբակային շահերից, մոլորեցրել եւ մանիպուլացրել են հանրությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին,«Ազգային ինքնության վերանայման փորձերը Հայաստանում» թեմայով աշխատաժողովի ժամանակ ասել է «Սպարապետ» հանրային քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Գարեգին Մանուկյանը։
«Այսօր անդրադառնում ենք եւս մեկ, բախտորոշ նշանակություն ունեցող թեմայի։ Վերջին շրջանում այդ թեման հաճախ է օգտագործվել որպես քարոզչության գործիք հայությանը ճնշելու, վախեցնելու, մոլորեցնելու եւ նրա ինքնագիտակցությանը խանգարելու նպատակով։
Խոսքը այն նապտակային փորձերի մասին է, որոնք ուղղված են հայկական պատմամշակութային ժառանգությունը արժեզրկելունու աղավաղելուն՝այսպիսով փորձելով մանրացնել ազգային շարունակականության ամենակարեւոր երաշխիքներից մեկը եւ քողարկված կեղծ խաղաղության օրակարգի ներքո վտանգել մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը», - ասաց նա։
Փորձագետը շեշտեց, որ պատմությունից, լեզվից եւ մշակույթից կտրված ժողովուրդը կորցնում է իր գենետիկ ինքնությունը եւ դառնում է խիստ խոցելի թե՜ դրսից այլասերվելու եւ քայքայվելու եւ թե՜ դրսից կառավարվելու տեսանկյունից։
«Հայկականությունը բնութագրող առանձնահատկությունները ոչ թե անցյալի հուշարձաններ են, այլ մարդու կենսականության լիարժեք ապրելու եւ առավելագույնս արտահայտվելու եղանակ։ Հայությունը կարողացել է վերապրել դարերի հալածանքները, ցեղասպանությունը եւ հայրենազրկումը այդ թվում շնորհիվ իր հավատարմության, մշակույթին, լեզվին եւ դրվատանքին։ Մեր մեծերը կարողացել են պահպանել հայ ազգի ինքնությունը նույնիսկ ամենածանր ժամանակներում», - ասաց Գարեգին Մանուկյանը։











