Հայաստանում գյուղատնտեսությունը մատնված է կատարյալ անտերության, մոռացել են երևի, որ Հայաստանում երկիր պահողը հիմնականում գյուղատնտեսությունն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Աղձք գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով նախօրեին տեղացած ուժեղ կարկուտին եւ դրա հետևանքներին։
«Իրենք էլ են ասում, որ այս երկու տարի է՝ գյուղատնտեսությունը զրո է, բոլորին թողել են անտեր։ Տարիներով ասում են, որ ջրի կորուստ ունեն, այստեղ ջարդած է, այնտեղ փշրած է, տալիս ԳԱԻ ավտոներ են առնում տարին երկու անգամ, էլեկտրական ավտո են առնում, որ մի ավտոյի փողով չորս-հինգ գյուղի ոռոգման ջրի խողովակները գոնե կկարկատեին։
Ինչի՞ եք վերածել էս երկիրը։ Երկիրը կա միայն կառավարության նիստի ժամանակը ու Հ1-ով է, դրանից դուրս երկիր չկա էլ։ Ու՞ր է այստեղ գյուղատնտեսություն։ Ասում են՝ տնտեսական անվտանգություն, պարենային անվտանգություն, ի՞նչ եք նստած քամիներ անում, մի հատ ձեր աթոռներից վեր եկեք, հլը մի հատ գնացեք, մտնեք գյուղերը, տեսեք ինչ վիճակի եք հասցրել։ Տաքուկ տեղերում նստած եք ձեր կոմպյուտերների առաջ, գիտեք, երկիրը ղեկավարո՞ւմ։ Միֆ է այս ամեն ինչը։
Մի հատ մտեք ժողովրդի մեջ. ինչքա՞ն կարելի է անտերության մատնել։ Մեր երեխեքի մանկությունը նախկինները խլեցին, դուք էլ մեր թոռների մանկությո՞ւնն եք խլում։ Հետո ասում եք՝ արտագաղթ, բա ի՞նչ պիտի լինի, արտագաղթ պիտի լինի, մարդը չի կարում իր երկրի մեջ ապրի։ Ջնջեց, կարկուտը, 100%-ով տարել է, ոչ մի բան չի մնացել, կես ժամ հետո նոր կարկուտի կայաններն աշխատում են։ Որ ի՞նչ։
Մի հատ հելեք ձեր կաբինետներից, մտեք ժողովրդի մեջ։ Քամի եք անում սաղ օրը նստած ձեր հեռուստաընկերություններից»,–ասաց նա։
Աղջքի բնակիչը նշեց, որ ինքը խաղողի ու ծիրանի այգիներ ունի. «Խաղողի այգին էն կարգի է տարել, որ մյուս տարի էլ բերք լինի։ Պետք է մյուս տարի էդ խաղողի այգին մի քիչ մատ տա, դրա հաջորդ տարին նոր տեսնենք՝ կլինի, թե չէ։ Իսկ ծիրանի մասին խոսք չկա, լրիվ ջնջած է։ Նույնիսկ հյութի համար էլ կարող է էդ ծիրանը չվերցնեն։ Կողքի մի 10-15 գյուղ լրիվ ջնջած է, ո՞նց պիտի ապրի ժողովուրդը»,– ընդգծեց նա։
Դիտարկմանը, որ կա տեղեկություն, որ հակակարկտային կայանները գործել են, պարզապես ուժգին է եղել կարկուտը, նա արձագանքեց. «Առաջին հերթին կարկուտից հետո են սկսել կրակել, երկրորդն էլ՝ թող կրակեին մի քիչ մանր գար, այս կարգի չջնջեր»։











