Հորեղբայրս էս պահին գնացել է բանկ, որ վարկը դադարեցնի, որը վերցրել էր հողերի հետ կապված բուժման ծախսերը հոգալու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Աղձք գյուղի բնակիչներից Հովհաննես Ավդալյանը։
Նա առաջարկեց գնալ դաշտերից մեկը ու տեսնել ինչ վիճակ է տիրում երեկվա կարկուտից հետո. «Հակակարկտային կայանները աշխատել են կարկուտը վերջանալուց հետո։ Կարկուտը եկել, ջախջախել է, դրանից հետո նոր հակակարկտայինները սկսել են աշխատել, արդեն երկինքն էլ էր բացվել այդ ժամանակ»։
Մեկ այլ գյուղացի էլ նշեց. «Ես վարկ ունեմ, այսօր ինչո՞վ փակեմ իմ վարկը, ո՞ւմ հույսին մնամ։ Ես այդ վարկը վերցրել եմ, ներդրում եմ արել ծառերի վրա։ Կարկուտի հատիկներից ամեն մեկը լորի ձվի չափ էր։ Սա վերևից ում գլխին էլ ընկնի, տեղում կարա մնա։
Եթե մեր ղեկավարությունը տեր լինի մեր ժողովրդին, շատ լավ կլինի։ Բայց որ տեր չի լինում, արդեն մարդիկ հիասթափվում են։ Բայց էլի մարդիկ աշխատում են, որ իրենց տունը պահեն, ոչ մեկին ձեռք չմեկնեն ողորմություն չխնդրեն, մենք ողորմություն խնդրող չենք։
Ուղղակի տեր ու տիրական չկա, որ թիկունք կանգնեն։ Այն ժամանակ գյուղնախարար կար, էսօր էդ էլ չկա։ Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։ Ոռոգման ջրի խնդիրն ընդհանրապես ահավոր է։ Ասում է՝ նաղդ փողը տուր, տար հողը ջրի, բայց ես որտեղի՞ց տամ։ Նաղդ սելիտրան առնեմ, բուժանյութը առնեմ, նաղդ լույսի փողը տամ, երկու ուսանող ունեմ, իրենց վարձը տամ, տրանսպորտի խնդիրը լուծեմ, ո՞րն անեմ։











