Փաստի առաջ ենք կանգնել, եղունգ ունես, գլուխդ քորի, կրկին համոզվում ենք, որ վերահսկողություն չկա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Աղձք գյուղի գնակիչներից մեկը՝ անդրադառնալով երեկ տեղացած կարկուտին եւ նրա հասցրած վնասներին։
«Մենք գյուղապետի հետ էինք խոսում, ասեց, որ ժամը 9-ից քաղաքապետարանում է եղել, նկարել է, ներկայացրել է մարզպետարան։ Ես կարծում եմ, որ հանձնաժողով պետք է կազմվի, որ վնասները գնահատի։ Ժողովուրդը հանկարծակիի է եկել, երեկոյան ժողով կկազմակերպենք գյուղում, խելք խելքի կտանք, տեսնենք՝ ինչ անենք։ Մեկ հետկտարից ավելի հող ես ունեմ, 1,3 մլն դրամի ծախս եմ արել»,–ասաց նա։
Մեկ ուրիշն էլ ասաց, որ այնքան հուզված է, որ ոչ մի բան չի կարող խոսել։
«Այգի հիմնելը շատ դժվար գործ է, զրոյից այգի ենք հիմնել, հինգ տարի էդ այգիների վրա փող ենք դրել, որ էսօր պիտի արդյունք ստանայինք, բայց ի՞նչ ունենք, ոչինչ։ Էդ հինգը տարվա ծախսածը մենք արդեն պիտի սկսեինք հավաքել։
Հիմա կառավարությունից պահանջում ենք գան, հասկանանք՝ ինչ ենք անում, ինչ փոխհատուցում, ինչ զիջում կանեն։ Բանկում վարկ ունեմ 3 միլիոնի, չմուծենք՝ այգին են տանելու։ Ես 5 տարում երկու հատ այգի եմ զրոյից հիմնել, բայց հիմա այգիներս էն վիճակում են, որ չեմ ուզում գնամ, տեսնեմ»։
Աղձքի բնակիչներից մեկն էլ կասկածի տակ դրեց գյուղապետի հնարավորությունները, թե նա կարող է որեւէ հարց լուծել. «Ութերորդ դասարանի կրթություն ունի, բայց բարձրագույնի դիպլոմ ունի մարդը, ի՞նչ եք ուզում։ 10-ը չի ավարտել, բայց բարձրագույնի դիպլոմ է հանել։ Նիկոլի թիմից է»։











