«Նախկինում էլ էին խորհրդարանում բախումներ լինում, բայց ընդդիմության և իշխանության միջև նման ատելություն երբեք չի եղել, այսօրվա իշխանությունն է այս մշակույթը բերել»։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպին։
«Այստեղ խոսքը գնում է ոչ թե քաղաքական դիրքորոշման, այլ քրոնիկ ատելության մասին։ Այս ամենի հեղինակը հենց գործող քաղաքական ռեժիմն է։ Նրանք են այս ատելության խոսքն ու անգամ հայատյացությունը բերել հայկական իրականություն։ Սա նոր երևույթ է։ Սրա մեջ չկա քաղաքական պայքար, կա ատելություն։ Սա վերջին 3-4 տարիներին իրագործվող քաղաքականություն է։ Սա նախընտրական գործընթացի սկիզբն է։ Նախընտրական գործընթացի սկզբի մասին հայտարարվել է «կրթվելը նորաձև է» կեղծ թեզերով, որոնց անվան տակ քողարկված նախընտրական քարոզարշավ է իրականացնում արդեն մեկ տարի։ Երկու անկիրթ մարդ գնում են մարդկանց հետ խոսում կրթության մասին»,–ասաց Մանվելյանը։
Արմեն Մանվելյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն իրենց պաշտպանված են զգում իշխանության հովանու ներքո, սակայն երբ զրկվեն իշխանությունից «փողոց էլ չեն կարողանա դուրս գալ»։ «Հայաքվե» միավորման անդամի կարծիքով նրանք ամեն հնարավոր քայլի գնում են՝ հետագայում նույնպես քաղաքական ուժի ցուցակում հայտնվելու համար։
«Նրանք թերարժեքության բարդույթ ունեն, նրանք մարդիկ ենք, ովքեր երբևէ իրենց վաստակով աչքի չեն ընկել, բայց հայտնվել են խորհրդարանում։ Իսկապես փորձում են պահել իրենց տեղը ցուցակում»,–հավելեց Արմեն Մանվելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











