Ամբողջ ցանկը երբ որ կլինի, այդ ժամանակ կասենք փաթեթով, այո, ով ինչ ասել է, թող վեր կենա իր ասածի համար ներողություն խնդրի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Մենակ մենք տանք, հա՞։ Իրենք հայհոյեն, մենք մեղր բաժանենք, էդ պրծել է, այդպիսի բան չի կարա լինի։ Ես հայհոյանքը չեմ պաշտպանում, ձեզ, պարզ տրամաբանություն եմ ասում, ուր էլ գնաք՝ այդ տրամաբանությունն աշխատում է՝ քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Թող քամի ցանողը ներողություն խնդրի»,–ասաց նա։
Արմեն Ռուստամյանը զարմանալի համարեց, որ մինչև հիմա իշխանությունները չէին նեղվում, որ իրենց թուրք էին ասում. «Ընդհակառակը, մեծ գովեստ էր իրենց համար թուրք բառին արժանանալը։ Հիմա չգիտես ինչի ասում են՝ ով որ մեզ թուրք կասի՝ այսպես, այնպես... Գնացեք մի հատ դուք իրար մեջ ճշտեք։ Այո, հային, որ թուրք ես ասում՝ նեղվում է, բայց թուրքին, որ թուրք ես ասում՝ չի նեղվում»։
Հարցին՝ ինչու «Հայաստան» խմբակցությունն այսօրվա նիստին չի մասնակցել, քանի որ դա մեկնաբանում են, որ վախեցան, չեկան. Ռուստամյանը նշեց.«Վախեցող լինեինք, հիմա էլ չէինք գա»։











