Այսօր՝ մայիսի 20–ին, Կոտայքի մարզի Բյուրեղավանում վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել։ Այս մասին դեպքի վայրում աշխատում են քրեագետները։
Դեպքի վայրում է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, որը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Առավոտյան աշխատանքի գալիս համայնքապետարանի աշխատակից Մուշեղ Սուքիասյանը հայտնեց, որ ԵԿՄ–ի գրասենյակի դուռը բացել է, իսկ այդ հատվածն ինքն է տնօրինում որպես Երկրապահի նախագահ, նկատել է վարագույրի հետեւից կապված նռնակ կա, որը թելով, թե մետաղական լարով բերված է եղել ու կապած աթոռի ոտքին։ Աթոռը շարժելու դեպքում հնարավոր է՝ տրաքեր։
Ես հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն, որ օրենքով սահմանված կարգով գործողություններ իրականացնեն եւ բացահայտվեն չարագործները։ Այդտեղ երկու սենյակ է, Մուշեղ Սուքիասյանը նաեւ համայնքի ղեկավարի խորհրդականն է»։
Նա նշեց, որ սա համայնքապետարանի շենքն է, բայց այդ մի փոքր հատվածը Երկրապահը անվարձահատույց օգտագործում է 15 տարուց ավելի։
Հարցին՝ ինքը տեսե՞լ է, որ նռնակը վնասազերծվել է, Բալասյանը պատասխանեց, որ կողմնակի անձանց թույլ չեն տվել ներս մտնել. «Գիտեմ, որ վնասազերծվել է, աշխատողները դուրս եկան եւ ասացին, որ անփորձանք վնասազերծել են»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները:
Մարտական նռնակը հայտնաբերվել է նշված վարչական շենքի` ժողովրդին հայտնի կոմունալի պետ Վոլոդյա Հայրապետյանի աշխատասենյակում, և հենց նա էլ հայտնաբերել է նռնակը, երբ ժամանել է աշխատանքի, աթոռը քաշել է, որպեսզի նստի և նկատել է նռնակը:
Դեպքի մասին ոստիկանության Բյուրեղավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:











