Իշխանությունները շատ լավ հասկանում են, իրենք մեզնից լավ գիտեն, որ հանրությունը այլևս իրենց չի վստահում, լավ գիտեն, թե ինչ վարկանիշ ունի ՔՊ-ն այսօր հանրության մեջ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Իրենք բոլորից լավ գիտեն, թե իրենք ինչ են արել այս երկրի գլխին և ինչ գնահատականի են արժանանալու առաջիկա ընտրություններում, և իրենք շատ լավ գիտեն՝ ով ավելի մեծ վստահություն ունի հանրության մեջ, որ ուժն է և որ թեկնածուն է, որ շատ ավելի և փորձառություն, և վստահություն ունի, և կարող է երկիրը այս վիճակից հանել։ Այդ կերպարի մեջ իրենք տեսնում են «Հայաստան» խմբակցությանը, Ռոբերտ Քոչարյանին, նրա թիմակիցներին, է բնական չի՞, որ նրանց են թիրախավորելու, բա էլ ու՞մ։ Եթե իրենց առաջին համոզիչ ընդդիմախոսը, մրցակիցը այս թիմն է, այս թիմին են քննադատելու, բա ո՞ւմ։

Եթե Էդմոն Մարուքյանը այդպես լուրջ ընդդիմադիր է իրենց, այդպես վարչապետի լուրջ թեկնածու է, բա ինչի՞ չեն Էդմոն Մարուքյանին թիրախավորում, որովհետև Էդմոն Մարուքյանի մեջ մրցակցի այդ համապատասխան ուժը չեն տեսնում։ Իրենք ամենալավը գիտեն հանրության մեջ տիրող մթնոլորտը»,–ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Նա նկատեց, որ իշխանությունները պատրաստվում են ոչ այնքան ընտրությունների, որքան իրենց իշխանությունը օր ավել պահելու, որովհետև շատ լավ գիտեն՝ որ օրը կորցրեցին իրենց իշխանությունը, այդ օրվանից սկսած գալու է իրենց պատասխանատվության պահը, իսկ իրենք ամեն մեկը իր տեղում իրենց պատասխանատվության չափի զգացումը ունեն, գիտեն ինչ չափի մեղավոր են, գիտեն ինչ պատիժ է իրենց սպասվում։

«Նրանք ամեն օր ամեն ինչ անելու են, որ այդ պատիժը հնարավորինս հետաձգեն, եթե վերարտադրվելու են, վերարտադրվեն, բայց իրենք էլ են լավ գնահատում, որ վերարտադրելու շանսերը շատ քիչ են»։