Ես ասել եմ՝ կարիքի պարագայում պլանավորվում եմ, նաև հնարավոր եմ համարում նաև իմ այցը Վրաստան և ուզում եմ նշել, որ մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, իմ այցի հնարավորության դուռը դեռևս փակված չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ մեկ շաբաթ առաջ կոնյակագործների բողոքի հերթական ակցիայից հետո ինքը հայտարարել էր, որ անձամբ կմեկնի Վրաստան՝ խնդիրը հասկանալու և լուծելու համար։
«Այս պահի դրությամբ չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը կարող է շատ ավելի իրավիճակը փոխել, քան օնլայն Zoom զանգով կապի մեջ լինելը։ Մենք օրական պարբերական տրամաբանությամբ շփվում ենք։
Ես ուզում եմ մի կարևոր բան այդ թեմայով ասել. ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները, այսինքն մթերում-արտահանում տրամաբանության մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում կաջակցենք։ Բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը»,–ասաց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ այսօր կամ վաղը կրկին հանդիպելու է կոնյակագործների հետ. «Կա որոշակի քննարկման արդյունքների ամփոփում վրացական կողմի հետ։ Ես ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ, կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին մեր բրենդի, կոնյակի սպիրտ արտադրողներին և պատրաստի արտադրանք արտահանողներին միայնակ չի թողել և չի թողնի։ Մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք, և դուք ապագայում դրան մասին կտեսնեք։
Նշենք, որ Հայաստանի կոնյակագործները բողոքում են, որ Վրաստանի տարածքով կոնյակ արտահանելիս բեռները բացում են, ուղարկում են դրանք լաբորատոր փորձաքննության, չնայած այդ ապրանքը նախատեսված չէ Վրաստանի համար, Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է։











