«Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ ամեն պահի պատրաստ եղել ենք խորհրդարանում իմպիչմենտ սկսելու, ընդ որում ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, եթե պետք լինի մի օր ավելի կմանրամասնեմ, նույն Էդմոն Մարուքյանի հետ լուրջ բանակցություններ է տեղի ունեցել, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը քվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին։ Այ մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մի օր առիթ լինի, կմանրամասնեմ իրենք այդ ժամանակ իրենց ինչպես են պահել։ Այսինքն շարժման ժամանակ եղել է վարչապետի թեկնածու, փորձել ենք իմպիչմենտով մտնել, բայց խորհրդարանում չենք ունեցել բավարար թվով աջակիցներ։

«Դիմադրության շարժման ժամանակ մենք մինչև օգոստոսի երկուսը սահմանափակված էինքք, որովհետև վարչապետ ընտրվելուց հետո մեկ տարի չես կարող անվստահություն հայտնել։ Դա էր պատճառը, որ շարժման պիկին մենք իմպիչմենտով չէինք մտնում։ Այդ ժամանակ, իրոք, փողոցը կար, քաղաքական ուժերը ունեին այդ համախորհությունը, բայց չէին կարող այդ նախաձեռնությամբ հանդես գալ։ Ժամկետը լրանալուց հետո շարժումը չկարողացանք այդ ծավալը գեներացնենք։ Այսինքն մինչև հիմա այս գործընթացը սկսելուն երկու բան է խանգարել, հիմնականում չունենալով այդ համապատասխան ստորագրությունները։ Այո, պահը եղել է, փողոցը ունեցել ենք, բայց չենք կարողացել դա ապահովենք, եթե փողոցով չենք կարողացել դա ապահովել, հիմա առանց փողոց, ո՞նց ենք ապահովելու։

Հարցին՝ այդ ժամանակ, երբ բանակցել են Էդմոն Մարուքյանի հետ, նա ի՞նչ է ասել, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ասում էր՝ ինչի՞ պետք է ես Վազգեն Մանուկյանին քվեարկեմ, դուք այստեղ որևէ պատգամավոր չունեք, ես 16–18 պատգամավոր ունեմ, ճիշտ է, որ թեկնածու ես լինեմ։ Մենք էլ նույնիսկ ասեցինք՝ խնդիր չի, դու եղիր թեկնածուն։ ինքը վստահեցնում էր, որ ինքը այն թեկնածուն է, որով հնարավոր է ՔՊ-ն համաձայնվի իմպիչմենտին։ Ասում էր՝ ձեզ չի համաձայնվի, դուք գալու եք իրենց լցնեք բանտերը, վերացնեք իսկ իմ հետ հնարավոր է իրենք համաձայնության գան: Մենք էլ ասել ենք՝ գնա խոսիր, եթե կտեսնես, որ այն կողմից քեզ վստահում են, արի քննարկենք։ Բայց առնվազն իրենք մեր փողոցի միասնական ընդդիմադիր թեկնածուին, երբ որ կար շարժում, կար փողոց, կար լուրջ հնարավորություն, իրենք չէին համաձայնվում, ասում էին՝ ինչի ես չլինեմ, Վազգեն Մանուկյանը լինի։ Ի պատիվ Վազգեն Մանուկյանի, ինքը ասեց՝ օքեյ, բայց հասկանանք դու ունե՞ս այդ քվեները, գնա բեր կամ վստահեցրու որ կան։

Ընդ որում այդ բանակցությունները մի փուլով չի եղել, մի երկու-երեք փուլով է եղել, շատ հետաքրքիր մանրամասնություններ կան այնտեղ, բայց արդյունքում չստացվեց, որովհետև իրենք չմիացան Վազգեն Մանուկյանին և ՔՊ-ի հետ էլ հավանաբար իրենց բանակցությունները չստացվեց։ Հետո երկրորդ փուլով այլ պաշտոնների համար բանակցում էին ՔՊ-ի հետ, բայց իմաստ չեմ տեսնում վերադառնում այդ չորս տարի առաջվա թեմաներին»,–ասաց նա։

Անդրադառնալով արդեն այսօրվա, որ Էդմոն Մարուքյանը կրկին վարչապետի թեկնածու է ուզում առաջադրվել, «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Այստեղ զավեշտն այն է, որ Էդմոն Մարուքյանը մեզ մեղադրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու մեջ, հասկանու՞մ եք։ Քաղաքական դաշտը վերածվել է մի մեծ կրկեսի։ Այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլին հայտարարեց Արցախի հարցում նշաձողը իջացնելու մասին, մենք դուրս եկանք փողոց մեջ, շարժում էին գեներացնում, Էդմոն Մարուքյանը ատամներով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, այդ թվում հետո 2022 թվականի աշնանը Պրագայի հայտարարությունը ու բազմաթիվ բաներ։ Մենք այդ մասին չենք  խոսում, բայց առնվազն ինքը պետք է ամաչի, չխոսի այդ մասին։

Դրանից հետո հելնել, ավել-պակաս խոսում են, Առնվազն ձեզ նորմալ պահեք ու զուսպ պահեք ու չափերը մի անցեք, որովհետև ով-ով, մենք լավ գիտենք՝ դուք ով եք»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։