Ադրբեջանը չի նահանջում իր դիրքերից, իսկ Հայաստանին չգիտես ինչու թվում է, որ եթե ինչ-որ պահանջներ կատարի, ապա Բաքուն կհրաժարվի իր մյուս պայմաններից։ Այս մասին հայտնել է NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման հյուր, քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ալիեւը հասկացրել է, որ հայկական կողմից ակնկալում է վերջնական կապիտուլյացիա։ Միայն այդ դեպքում նա կհամարի, որ պատերազմը հայերի հետ ավարտված է։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ Հայաստանն անվերապահորեն կկատարի նրա բոլոր պահանջները։ Ադրբեջանական կողմը այս մասին մշտապես ասում է, իսկ հայկական կողմը համառորեն չի ցանկանում այդ ամենը տեսնել՝ կարծելով, որ Բաքուն իրեն այնպես կպահի, ինչպես պահել է հայկական կողմը 1994թ.։ Նման բան չի լինի, եւ Բաքուն դա չի թաքցնում։ Ալիեւը չի հրաժարվի Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու գաղափարից»,- նշել է նա։
Կիվիրյանը կարծում է, որ Ադրբեջանը որոշակի նպատակով կփորձի Հայաստանը բնակեցնել զանգվածներով, որոնք հակահայ գաղափարների ագրեսիվ կրողներ են։
Նա ավելացրել է, որ հայերը Կարսի եւ Նախիջեւանի վերահսկողությունը կորցրել են այն մոդելով, որի ժամանակ Թուրքիայի ուղղորդմամբ հայտարարվում էր, որ տեղի մահմեդական բնակչության անվտանգությունը չի ապահովվում, ինչից հետո այդ տարածքները հռչակվում էին ինքնուրուն կազմավորումներ։
Նրա խոսքով՝ կա այս ամենը կանխելու միայն մեկ միջոց՝ կառուցել ուժեղ երկիր եւ ուժեղ բանակ, իսկ դա հնարավոր է։











