Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում։ Այս մասին մայիսի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Ֆրանսիացի նախարարը տեղեկացրել է, որ ասուլիսին նախորդող հանդիպմանը հայ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Սա Բարոյի առաջին այցն է Հայաստան, եւ նա խոստովանում է, որ արդեն Երեւանին մոտենալուն պես հպարտության զգացում է ունեցել, որ հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ եւ վստահելի չեն եղել։
«Մեզ կապում են բարեկամությունն ու պատմությունը, եւ մենք հավատարիմ ենք դրան»,- նշել է նախարարը՝ նշելով, որ այս տարի լրացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ այցի շրջանակում կմասնակցի ֆրանսիացի ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին նվիրված միջոցառմանը, որի ջանքերով փրկել են Մուսա լեռան 4 000 պաշտպաններին։
«Մենք հավատարիմ ենք ցավին եւ ողբերգությանը, այդ պատճառով Ֆրանսիան մոտ է մնում Լեռնային Ղարաբաղից եւ Հայաստանից բռնագաղթածների հետ»,- նշել է նախարարը։
Նա կարեւորել է երկրների միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը եւ այս համատեքստում 5-րդ համաժողովի անցկացումը, միջխորհրդարանական հարաբերությունները, Սփյուռքի հետ համագործակցությունը։
Նախարարը հիշեցրել է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ջրային տնտեսության զարգացմանը եւ այդ նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից հատկացված 100 մլն եվրոյի վարկը, ֆրանսիական ընկերության մասնակցությունը ՀՀ քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերի պատրաստմանը եւ, ընդհանրապես, Երեւանի եւ Փարիզի միջեւ հարաբերությունների զարգացմանը։











